Քաղաքականություն

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Շիրվանի պատմության հիմնահարցեր» աշխատաժողովը

10 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Շիրվանի պատմության հիմնահարցեր» աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Շիրվանի պատմության հիմնահարցեր» աշխատաժողովը, որի նպատակն է գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա բացահայտել պատմական կովկասյան տարածաշրջանի իրական ժառանգությունն ու զրոյացնել Ադրբեջանի իշխանությունների՝ տարածաշրջանում հազարամյա մշակույթ և պատմություն ունենալու կեղծ պնդումները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովի աշխատանքների բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց աշխատաժողովի կազմակերպումն ու անցկացումն՝ ընդգծելով, որ գիտաժողովի աշխատանքների թեման պատահական չէ ընտրված, քանզի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր և անհնար գործիքներով գրպանում, գողանում ու յուրացնում է հարևան ազգերի և պետությունների պատմությունն ու մշակույթը՝ փորձելով ստեղծել սեփական պատմությունը և դրա համար տրամադրելով բավականին մեծ միջոցներ։ 

Ռոբերտ Ղազարյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ադրբեջանցի երիտասարդների համար նույնիսկ դժվար է հասկանալ և ընկալել իրենց պետության պատմության և մշակույթի մասին հնչող իրական փաստերն ու իրադարձությունները։ 

«Շատ դեպքերում, երբ նրանք հայտնվում են ավելի ադեկվատ միջավայրում, երբ տեղի են ունենում օբյեկտիվ քննարկումներ, նրանք զարմանում են՝ լսելով տարածաշրջանի իրական պատմությունը։ Հետո նրանք զարմացած վերադառնում են իրենց երկիր, բայց նրանց ոչ ոք թույլ չի տալիս ինչ-որ օբյեկտիվ կարծիք հայտնել, իսկ ովքեր էլ փորձում են օբյեկտիվ խոսքեր ասել կամ ելույթ ունենալ, դրանք չեն հրապարակվում»,-ընդգծեց Ղազարյանը՝ հավելելով, որ այս համատեքստում կարևոր հիմնահարց է նաև հենց Շիրվանի պատմությունը, քանի որ ադրբեջանական իշխանություններն ամեն գնով փորձում են ընդգծել, որ Շիրվանն իրենց պատմության մի մասն է, իսկ այնտեղ ստեղծված մշակույթն իբր ադրբեջանական է։ 

Նա շեշտեց, որ բոլորին է հայտնի, որ Շիրվանը պատմաաշխարհագրական առումով այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, սակայն այն ժառանգությունը, որը դարերով ստեղծվել է այդ տարածաշրջանում ուղիղ իմաստով որևէ առնչություն չունի ադրբեջանցի կոչվող եզրույթի հետ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը հույս հայտնեց, որ մեկնարկող աշխատաժողովի ընթացքում հստակ և պատմական հիմնավոր փաստերի վրա ցույց կտրվեն, կքննարկվեն Շիրվան երկրամասի տարբեր ժամանակաշրջանների պատմությունը, վեր կհանվեն և հանգամանորեն կներկայացվեն մի շարք հարցեր։  

Աշխատաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ նաև Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Նա նշեց, որ գիտաժողովի մեկնարկի օրը խորհրդանշական է, քանի որ 2000 թվականից հունիսի 20-ը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) որոշմամբ նշվում է որպես «Փախստականների համաշխարհային օր»։ 

Նա հավելեց, որ թեև փախստականների հարցերի նկատմամբ համաշխարհային հանրությունը դրսևորում է մեծ ուշադրություն, այդուհանդերձ, առ այսօր փախստականության խնդիրը մնում է համաշխարհային մարդասիրության ամենասուր խնդիրներից մեկը։ 

«Պատերազմական իրավիճակների, էթնիկ ատելության և ոչ հումանիստական երևույթների գործարկման արդյունքում երբեմն ամբողջական շրջաններ և երկրամասեր դատարկվում են որոշակի էթնոսից։ Ճիշտ նման կերպ անցած դարի վերջին պատմական Շիրվանի տարածքից իրականացվեց էթնիկ հայության զտում, որի հետևանքով Բաքվի, Սումգայիթի, Շամխորի հայաշատ բնակավայրերի հայությունը վերածվեց փախստականի»,- իր խոսքում նշեց Գաբրիելյանը՝ կարևորելով նման իրողությունների ֆոնին պատմական անցյալի բազմաշերտ ուսումնասիրությունն ու նորովի մեկնաբանություններն ու դրանց թիրախային գնահատականների գիտափորձական արժեքը։

Վիլեն Գաբրիելյանը Հարավային Կովկասի տարածաշրջանի պատմական ակնարկ կատարեց և ասաց, որ դարերի ընթացքում Շիրվան երկրամասի քաղաքական պատկերը փոխվել է որպես պետական զարգացումների բնականոն հետևանք, ստեղծվել են պետություններ, վարչական միավորներ, տեղի են ունեցել բնակչության տեղաշարժեր, սակայն նոր ժամանակների սկզբից՝ մասնավորապես 19-րդ դարից սկսած՝ նկատվել են երկրամասի սոցիալ-քաղաքական և էթնոպատկերի կայունացման որոշակի միտումներ։ 

«Արևելյան Անդրկովկասի պատմական երկրամասերից է Շիրվանը, գտնվել է Կասպից ծովի ափին և իր աշխարհագրական դիրքի շնորհիվ եղել է ինչպես առևտրական ուղիների տարանցման հանգույց, այնպես էլ արշավանքների կիզակետ․․․ Պետությունը ներառել է Կուր գետից մինչև Դերբենդ ընկած տարածքները՝ մայրաքաղաք Շամխիով»,- ներկայացրեց Գաբրիելյանը։ 

Վերջինս նկատեց, որ ի թիվս այլ ազգերի՝ հայերը լուրջ ներկայացվածություն են ունեցել Շիրվանի տարածքում։ Նա նշեց, որ 18-րդ դարում Շիրվանի տարածքում ձևավորվել է Շիրվանի խանությունը, իսկ 19-րդ դարի սկզբում այն անցել է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 

Նա ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ մեծ է եղել հայերի դերն ու նշանակությունը երկրամասի հասարակական, քաղաքական կյանքում՝ հատկապես Բաքու քաղաքի նավթարդյունաբերության ոլորտում՝ ընդգծելով նաև Բաքվի ճարտարապետության մեջ հայերի ունեցած դերը, որոնց նախագծած և կառուցած շենքերն այսօր վերածվել են Ադրբեջանի հասարակական և քաղաքական կյանքի կարևորագույն կառույցների։ 

«Սակայն հայության կենսագործունեությունն ինչպես Բաքվում, այնպես էլ պատմական Շիրվանի մնացյալ հատվածում անհնար է բնորոշել կայուն և բնականոն զարգացմամբ, մասնավորապես վերջին հարյուրամյակում, երբ Շիրվանի հայությունը մի քանի անգամ կանգնեց գոյութենական սպառնալիքի առաջ։ Ընդամենը 106 տարի է անցել այն արյունալի իրադարձություններից, որոնք կարելի է բնորոշել որպես տեղային նպատակաուղղված էթնիկ զտումներ՝ ցեղասպանական ոճով և աննախադեպ հայատյացության ուղեկցությամբ»,- նշեց Վիլեն Գաբրիելյանը՝ մանրամասնելով, որ այդ իրադարձությունները սկսվել են 1918 թվականի գարնանից՝ հանգեցնելով նույն թվականի սեպտեմբերին Բաքվի 30-35 հազար հայերի կոտորածին։ 

Նա ներկաներին հիշեցրեց, որ ադրբեջանական իշխանությունների անմիջական հովանավորությամբ նմանատիպ իրադարձություններ են իրականացվել նաև 1988 թվականի Սումգայիթում, 1990 թվականին Բաքվում, որոնք եկել են վկայելու այն փաստը, որ էթնիկ և ռասսայական խտրականությամբ սնուցված հասարակությունները վերածվում են ցեղասպանների։ 

«Այսօր Բաքուն և պատմական Շիրվանի ողջ տարածքը զրկված է հայերից, որոնք եղել են նրա պատմամշակութային, սոցիալ-տնտեսական միջավայրի օրգանական մասնիկ։ Անցած տասնամյակների ընթացքում ամբողջ պատմական Շիրվանի, Ղարաբաղի և Նախիջևանի հայ փախստականության իրավունքների պաշտպանության, վերջիններիս նկատմամբ կիրառված բռնությունների, կորցված գույքի, կրած վնասների խնդիրը մնացել է ինչպես տեղական, այնպես միջազգային ուշադրության լուսանցքում»,- ընդգծեց Գաբրիելյանը՝ շեշտելով, որ այդ գործողություններին միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը վստահություն է հաղորդել Ադրբեջանին, որի հետևանքով էլ ականատես եղանք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան անցած երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության հետ։ 

Վիլեն Գաբրիելյանը հավելել է՝ որպես պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայ փախստականության իրավունքների պաշտպանության խնդրի հանձնառու, մեկ անգամ ևս կարևորում է հայկական պատմական ներկայության մանրամասն ուսումնասիրությունը և դրա հանրայնացումն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ ի հակադրումն ադրբեջանական պետական կեղծարարության և ի ապացույց հայության կենսափորձի և արժեքային ներկայացվածության։ 

Ողջույնի խոսքերից հետո «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը խոսքը փոխանցեց գիտաժողովի մասնակիցներին, որոնք պետք է հանդես գային թեմայի վերաբերյալ պատրաստած իրենց զեկույցներով։ 

 

Տեղադրություն

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում