ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հադիպել է նաև Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոյի հետ:
Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և դրանց հեռանկարներին:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների շուրջ: