Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում սովորող հայ ուսանողուհին վստահ է՝ երկիրը մեկուսացմամբ է հաղթահարում կորոնավիրուսը

Չինաստանում սովորող հայ ուսանողուհին վստահ է՝ երկիրը մեկուսացմամբ է 
հաղթահարում կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էսմերալդա Դալլաքյանը, որն այժմ ապրում է Չինաստանում և սովորում է Ցինխուայի համալսարանում, ավելի քան վստահ է, որ չինացիները կարողանում եմ հաղթահարել կորոնավիրուսի տարածումը ինքնամեկուսացման շնորհիվ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ուսանողուհին ներկայացնում է Չինաստանում տիրող իրավիճակն ու շեշտում, որ ներկայումս ուսանողները մեկուսացված են, դուրս են գալիս բացառիկ դեպքերում:

«Երբ վիրուսը նոր էր ի հայտ եկել, թույլ էին տալիս դուրս գալ գնումներ անելու, բայց վարակվածների թվի ավելացմամբ սահմանափակումներն օր օրի շատացան: Տանից դուրս գալ չէր թույլատրվում, ճաշարաններում (հիմա էլ է այդպես) երկու կամ ավելի մարդ միասին նստել չեն կարող, ներս մտնելիս, դուրս գալիս սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է:

Ամենուրեք օրը մի քանի անգամ մանրէազերծում է իրականացվում, բոլորը դիմակներով են: Առանց դիմակի սենյակներից դուրս գալ չի թույլատրվում: Ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ կարողանում են հաղթահարել վիրուսը առաջին հերթին ինքնամեկուսացման հաշվին: Մենք շաբաթներ շարունակ անգամ նույն շենքում ապրող համակուրսեցիների հետ չենք շփվել»,-պատմեց Դալլաքյանը:

Նրա խոսքով՝ Պեկինում իրավիճակը գնալով բարելավվում է. սրճարանները, ռեստորաններն աստիճանաբար բացվում են, իսկ հիվանդացության դեպքեր գրեթե չկան:

Էսմերալդան հիշում է՝ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ինքը հիվանդացել է, բարեբախտաբար, ոչ կորոնավիրուսով: Այնուամենայնիվ, ուսանողուհուն փակել են սենյակում, մեկ շաբաթ դուրս գալու հնարավորություն չեն տվել: «Մասնագետները փորձում էին հասկանալ, թե ինչ վիրուս է: Ընտանիքիս անդամներին չէի տեղեկացրել վիճակիս մասին, որ չանհանգստանան: Ընկերներս այստեղ չէին, շատ միայնակ էի ինձ զգում: Մի օր մեզ զանգահարում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից, որպեսզի տեսնեն կրթաթոշակ ստացե՞լ ենք, թե՞ ոչ, ֆինանսական խնդիրներ ունե՞նք, թե՞ ոչ: Ես ասացի, որ հիվանդ եմ: Ամեն օր ինձ զանգահարում և հարցնում էին, թե ինչպես եմ: Ես իսկապես կգժվեի միայնակ, եթե չլիներ նրանց ուշադրությունն ու աջակցությունը:

Որքան էլ հասուն, գիտակից մարդ ես և հստակ որոշում ես կրթություն ստանալ օտար երկրում, նման իրավիճակներում չափազանց միայնակ ես քեզ զգում և ընկճվում, այնինչ պարզվում է, որ պետությունդ թիկունքիդ է: Ինձ անձամբ զանգահարել է նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Նա զրուցում էր տեղի հայերի հետ, խորհուրդներ տալիս ու աջակցում: Անչափ շնորհակալ եմ նրան և դեսպանատան բոլոր աշխատակիներին մեր կողքին լինելու համար»,-ընդգծեց Էսմերալդան:

Ուսանողուհին, նրա հայ, չինացի և այլ ազգերի ուսանող ընկերները մինչ օրս մեկուսացված են:

«Օտար երկրում մեկուսացված լինելը կրկնակի դժվար է, բայց դա կորոնավիրուսի դեմ պայքարի միակ տարբերակն է:  Ընդամենը մի քանի շաբաթ կամք, ուժ, և վերջ»,-ասաց Դալլաքյանը՝ հորդորելով Հայաստանում ապրող հայրենակիցներին մնալ տանը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]