Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 90 միավոր տեխնիկա

«Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզ է ուղարկվել 
90 միավոր տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ հանձնված ավելի քան 100 համակարգչից, հեռախոսից և պլանշետից 90-ն ուղարկվել է՝ ՀՀ Արագածոտնի մարզում ապրող անապահով ընտանիքների աշակերտներին՝ հեռավար ուսուցման համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագրի կազմակերպիչ Դավիթ Դանիելյանը։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով բոլոր աշակերտներն ու ուսանողներն անցել են հեռավար կրթության։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Նվիրաբերենք համակարգիչներ» ծրագիրը սկսեց այն աշակերտների համար, որոնք չունեն համապատասխան տեխնիկա՝ նրանց ուսուցումն ավելի մատչելի դարձնելու համար։

«Մեր քաղաքացիները բերում են տեխնիկան նախարարություն, այստեղ մասնագետները ստուգում են դրանց սարքին լինելը, և, եթե համապատասխանում են չափանիշներին, ապա մենք ընդունում ենք դրանք և փուլ առ փուլ ուղարկում մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող աշակերտներին՝ իրենց հեռավար ուսումը կազմակերպելու համար։ Մարզպետարաններն արդեն համակարգիչներն ու պլանշետները կգույքագրեն և կբաշխեն համապատասխան դպրոցներին և կտրվեն դրանց կարիքն ունեցող ընտանիքներին։ Իրավիճակի կարգավորումից հետո, երբ հեռավար ուսուցումից կրկին անցում կատարենք սովորական ուսուցման, այդ տեխնիկան կվերադարձվի դպրոցներին և աշակերտներն ու ուսուցիչներն այնտեղ կօգտվեն դրանցից։ Մարզերին տրամադրելուց հետո, գուցե, տրամադրենք նաև Երևանում ապրողներին»,- նշեց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հավաքագրման կետում այս պահին ընդունել են մոտ 90 համակարգիչ, հեռախոս և պլանշետ, բայց դեռ մոտ 50-70 հատ էլ կա, որ պետք է մասնագետները զննեն։ Դանիելյանը շեշտեց, որ պայմանավորվածություն կա, որ ապրիլի 2-ին էլ նույն քանակությամբ տեխնիկա կհավաքագրվի։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ապրիլի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրման կետ է հանձնել 50 համակարգիչ, որոնք նույնպես ուղարկվել են Տավուշի մարզ։ Ազգային ժողովից այս նախաձեռնությանը տրամադրվել է 85 համակարգիչ։

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն տասն օրով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]