Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այդ բանակցությունները կասեցնում են էսկալացիան. փորձագետը՝ ԱԳ նախարարների ժնևյան հանդիպման մասին

Այդ բանակցությունները կասեցնում են էսկալացիան. փորձագետը՝ ԱԳ նախարարների 
ժնևյան հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը մյուս հանդիպումներից առանձնացնում է դրա երկար տևողությամբ: Կարծում է՝ այդ հանդիպումներով հակամարտության վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել, քննարկումը միջավայրի ստեղծման շուրջ էր, սակայն դրանք կասեցնում են էսկալացիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «հանդիպումը տևեց երկու օր, բավականին վաղուց մենք նման հանդիպում չէինք տեսել: Քննարկումները չեն եղել հարցի բուն կարգավորման շուրջ, քննարկումները կամ բանակցությունները եղել են միջավայրի ստեղծման շուրջ: Մենք չենք կարող հիմա որևէ քաղաքական փաստաթուղթ ստորագրել և լուծել այս հակամարտությունը, որովհետև դա կանգնած հակամարտություն չէ ինչ-որ տարածքների շուրջ, դա հակամարտություն է մարդկանց և մարդկանց անվտանգության շուրջ: Չի կարելի սպասել, թե  արտգործնախարարները գնալու են Ժնևում կամ որևէ այլ տեղում ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, որը հարցը կկարգավորի, և մենք վաղն այլևս այդ խնդիրը չենք ունենա: Այլ հարց է, որ այդ բանակցությունները լուծում են հիմնականում մեկ խնդիր. կասեցնում են էսկալացիան և վերացնում նախորդ էսկալացիաների հետևանքները՝ որքանով հնարավոր է»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ այս պահին բանակցությունները բուն խնդիրը չեն կարող լուծել, քանի որ դա միայն մեզնից կախված չէ:

Հովհաննիսյանը նկատեց՝ հանդիպման արդյունքում տարածած հայտարարությունը շատ լայն չէր, նշվում էր, որ քննարկվել են հիմնականում այն սկզբունքները և տարրերը, որոնք պետք է ընկնեն ապագա կարգավորման հիմքում: «Այն ուներ մեկ շատ հետաքրքիր կետ, որ պետք է ապահովվի գործընթացի կոնֆիդենցիալությունը: Դա համանախագահների կոչն է, որին, ըստ էության, համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Իմ կարծիքով, այդ կոնֆիդենցիալությունը վերաբերում է դեռևս չհամաձայնեցված կետերին, որոնք քննարկվում են բանակցությունների գործընթացում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա  հիշեց, որ դեռևս 2019-ի դեկտեմբերի 5-ի Բրատիսլավայի հանդիպումից հետո անմիջապես ականատես եղանք Ադրբեջանին բնորոշ պահվածքի. Ադրբեջանի արտգործնախարարը տվեց գրեթե 1-ժամանոց հարցազրույց, դեռևս հանդիպման արդյունքում հայտարարությունը չտարածվելուց առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տեղեկատվության տարածում, այդ թվում 2020-ի սկզբին պլանավորված հանդիպման վերաբերյալ: «Մամեդյարովի հայտարարությունում միանշանակ կային կետեր, որոնք ամենայն հավանականությամբ քննարկել են բանակցության ընթացքում, սակայն դրանք դեռևս աշխատանքային կետեր են, այսինքն՝ դրանց շուրջ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկա: Եվ երբ այդ ամենը ներկայացնում են քո սեփական մեկնաբանությամբ՝ նպատակ ունենալով ինչ-որ կերպով ազդել քո հասարակության և հակառակորդ կողմի հասարակության վրա, դու, ըստ էության, վնասում ես բանակցային գործընթացին: Այսինքն՝ այդ կետի շուրջ համաձայնություն չի էլ կարող լինել»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ ներկայում անվտանգությանը սպառնացող մթնոլորտը և գործոնները ոչ թե 1994 թվականի մակարդակի վրա են, այլ ամեն օր խորանում են: Ադրբեջանի նախագահը կատարում է հայատյաց, ռասիստական հայտարարություններ, սպառնում պատերազմով, կրակով խաղաղ բնակիչների դեմ, իրականացնում թշնամական ագրեսիվ գործողություններ, որոնց պատասխանում են հայկական զինված ուժերը: Այդ ամենն ազդում է մեր հոգեբանության, հակամարտության խորացման վրա: «Եվ որևէ փաստաթուղթ այս պահին և տեսանելի հեռանկարում ի զորու չէ լուծելու այս խնդիրը: Ժնևյան հանդիպումը միտված էր դետալների քննարկմանը»,-ասաց նա:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկնարկել էր Ժնևում հունվարի 29-ին: Այն շարունակվել էր նաև հունվարի 30-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am