Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում վարչապետի նոր թեկնածու փնտրելու Վանեցյանի առաջարկին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
«Անլուրջ եմ վերաբերում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի նշանակմանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Վանեցյանի թեկնածությունն ինքն է առաջարկել վարչապետին, և այսօր ցավում է, որ նման իրավիճակ է ստեղծվել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկել էր իրենց շարքերում վարչապետի նոր թեկնածու գտնել:
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր հրաժարականի մասին, այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել աշխատանքից: