Քաղաքականություն

Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը․ Տոկաև

3 րոպեի ընթերցում

Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել «Կազինֆորմ»-ը՝ մանրամասնելով, որ Ղազախստանի նախագահը նման հայտարարություն է արել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում։  

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջին պաշտոնական այցը Աստանա մեծ նշանակություն ունի երկկողմ գործընկերության առաջխաղացման տեսանկյունից։ Տոկաևը նաև հավելել է, որ Աստանան մեծ համակրանք ունի հայ ժողովրդի և Հայաստան պետության հանդեպ։

«Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը»,-նշել է Տոկաևը։ 

Ղազախստանի նախագահը կարծիք է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը նշանակալի իրադարձություն կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար և կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ու համագործակցության ակտիվ զարգացմանը ինչպես Ղազախստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում