Հասարակական

Թուլության, քնկոտության, ախորժակի բացակայության դեպքում անպայման դիմել բժշկի. մանկաբույժ

2 րոպեի ընթերցում

Թուլության, քնկոտության, ախորժակի բացակայության դեպքում անպայման դիմել բժշկի. մանկաբույժ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկաբույժ Մարի Դարակչյանը ծնողներին հորդորում է դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ այն բուժհաստատություն, եթե երեխայի մոտ առկա է թուլություն, քնկոտություն, ախորժակի բացակայություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մանկաբույժն ասաց լրագրողների հետ զրույցում՝ խոսելով սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) և գրիպով հիվանդացության մասին:

«Ամբողջ տարին ունենում ենք սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդ երեխաներ, սակայն աշնանից մինչև գարուն հիվանդացության մակարդակը բարձրանում է: Ծնողները պետք է գիտակցեն, որ չի կարելի երեխաներին մանկապարտեզ և դպրոց տանել հիվանդ վիճակում: Այդ հիվանդությունները կանխարգելելու համար պետք է բացառել հիվանդ անձանց գտնվելը մեծ կոլեկտիվներում»,- նշեց Դարակչյանը և հավելեց, որ կանխարգելիչ քայլերից մեկն էլ պատվաստումներն են:

Նրա խոսքով՝ պատվաստանյութերն առկա են բոլոր պոլիկլինիկաներում և տրվում են անվճար: Գրիպի դեմ պատվաստումներն արվում են աշնան երկրորդ ամսից սկսած, և մոտ 2 շաբաթվա ընթացքում օրգանիզմում տեղի է ունենում հակամարմինների բարձրացում, և հիվանդությունը կանխարգելվում է:

«Հորդորում և կոչ եմ անում ծնողներին, առանց բժշկի հետ խորհրդակցելու չօգտագործեն հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն կանխարգելում թոքաբորբի կամ այլ հիվանդությունների զարգացումը: Ծնողները պետք է ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ և, երբ նրանք ջերմում են, թուլություն են զգում, հրաժարվում են հեղուկներ խմելուց և ուտելուց, քնկոտ են, նշանակում է՝ պետք է անպայման դիմել բժշկի»,- ասաց մանկաբույժը:

Դարակչյանը շեշտեց, որ պետք է երեխաներին շատ հեղուկներ տալ և խուսափել ճարպոտ ուտելիքներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում