1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երաժշտություն, գինի, համեղ ուտեստներ. Հայաստանում կանցկացվի 20-ից ավելի զբոսաշրջային փառատոն

Երաժշտություն, գինի, համեղ ուտեստներ. Հայաստանում կանցկացվի 20-ից ավելի 
զբոսաշրջային փառատոն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային տարին 2020-ին հագեցած է լինելու բազմաթիվ ու բազմապիսի փառատոններով: «Արմենպրես»-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրեցին, որ ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելու է 20-ից ավելի զբոսաշրջային փառատոն:

Երևանի գինու օրեր

Երևանի Գինու օրերը տեղի են ունենում յուրաքանչյուր մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին Երևանում՝ Սարյան փողոցում: Փառատոնը նվիրված է հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը: Այն տարիներ շարունակ կազմակերպում է «ԷվենտՏուրա» ընկերությունը: Մեկ տեղում ներկայացվում են հայկական գինու արտադրության լավագույն նմուշները: Դրան զուգահեռ, այցելուները ծանոթանում են հայկական խոհանոցին և այդ ամենն ուղեկցվում է համերգային ծրագրով: Երևանի գինու օրերն ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկների է բերում Հայաստան: Այդ օրերին լինում են հատուկ հյուրեր տարբեր երկրներից:

Տոլմայի փառատոն

Այն ևս նախատեսված է մայիսին, անցկացվելու է Զվարթնոց տաճարի տարածքում: Տոլմայի փառատոնին մասնակցում են Հայաստանում գործող բազմաթիվ ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ: Ներկայացվում են տոլմայի պատրաստման ամենատարբեր տեսակներ՝ վերհանվում են վաղուց մոռացված բաղադրատոմսերը: Այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն համտեսել 60-ից ավելի տեսակի տոլմա, այլև վայելել հայկական ժողովրդական երգն ու պարը: Միջոցառման շրջանակում անցկացվում են մրցույթներ:

Ոչխարի խուզման փառատոն

Անցկացվելու է հունիսին՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում: Փառատոնը ներկայացնում է հնագույն ավանդույթներից մեկը՝ ոչխար խուզելու գործընթացը՝ բրդից գործվածքներ ստանալու համար: Ավանդույթի համաձայն, բրդի մանվածքներն օգտագործում էին գորգագործության մեջ: Փառատոնի շրջանակում անցկացվում է ոչխար խուզելու մրցույթ: Ներկայացվում են ձեռագործ աշխատանքներ, տեղական բերքն ու բարիքը, քաղցրեղենը: Փառատոնն ամփոփվում է համերգային ծրագրով: Միջոցառմանն ակտիվորեն մասնակցում են թե տեղացիները, թե զբոսաշրջիկները:

 «Սևան» միջազգային երաժշտական փառատոն

Երաժշտություն, սպորտային, արվեստի, ժամանցային միջոցառումներ մեկ տեղում: Այս տարի ևս Սևանի ափին երաժշտասեր տեղացիներին ու զբոսաշրջիկներին մեկ տեղում կհամախմբի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը, որը նախատեսված է օգոստոսի սկզբին: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու տարբեր ոճի երաժշտություն, Սևանա լճի գեղեցկությունն՝ իր զբոսաշրջային հնարավորություններով:

Մեղրի և հատապտուղների փառատոն

Եվս մեկ փառատոն օգոստոսին, այս անգամ հյուրընկալ վայրը Տավուշի մարզի Բերդ համայնքը:  Տավուշի բերքն ու բարիքը, անարատ մեղրը, ձեռագործ աշխատանքն ու երգն ու պարն անտարբեր չեն թողնի ոչ մի այցելուի: Այստեղ իրենց լավագույն տեսականին կներկայացնեն մեղր արտադրողները: Անցկացվում է նաև մեղրի տորթի մրցույթ, ինչպես նաև նախատեսվում են տուրեր՝ ներկայացնելու Տավուշի զբոսաշրջային հնարավորությունները: Փառատոնը հիմնադրվել է 2012 թվականին:

Խորովածի փառատոն

Սա այն փառատոններից է, որի անցկացման համն ու հոտն այդ օրը զգում ես հեռավոր տարածությունից: Օգոստոսին Լոռու մարզի Ախթալա քաղաքը վերածվում է խորովածի շքերթի: Լավագույն ռեստորաններն ու խոհարարները ներկայացնում են Հայաստանի ավանդական կերակրատեսակներից մեկի՝ խորովածի լայն տեսականին: Այցելուները կարող են համտեսել տավարի, խոզի, հավի, ոչխարի մսի, ձկան, բանջարեղենի և այլ տիպի խորոված: Սա այն փառատոններից է, որը այցելուների պակաս չունի: Տեղացիներից բացի, լինում են ինչպես անհատական, այնպես էլ կազմակերպված տուրերով այցելած զբոսաշրջիկներ: Միջոցառումն ուղեկցվում է համերգային ծրագրով:

Հազար տարվա գյուղամեջ

Սեպտեմբերին Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում հերթական անգամ կանցկացվի «1000 տարվա գյուղամեջ» գյուղական փառատոնը: Այն լավ հնարավորություն է ծանոթանալու գյուղական կենցաղին, զգալու գյուղական կոլորիտը, ճաշակելու համեղ ավանդական կերակրատեսակներ, ինչու չէ, անմիջական մասնակցություն ունենալու դրանց պատրաստմանը: Կազմակերպիչները կանցկացնեն բազմաթիվ հետաքրքիր դասընթացներ, որոնք վերաբերում են էթնիկ գյուղական կենցաղավարությանը: Նախատեսված են նաև ժամանցի հետաքրքիր առաջարկներ: Գյուղի բակերը վերածվում են միջոցառումների հարթակի: Այցելուները կարող են տեսնել դարբնոցի բակ, խնոցու բակ, կարպետագործության, մեղվապահության և այլն:

 Գութան փառատոն

Ազգային պարերին ծանոթանալու լավագույն տարբերակը Երևանում անցկացվող «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնին մասնակցելն է: Հայ ավանդական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունն իր վրա վերցրած փառատոնին մասնակցում են բազմաթիվ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր: Փառատոնն իր շուրջն է համախմբում երիտասարդներին ու ավագ սերնդի ներկայացուցիչներին միասին՝ տոնելու ու պարել սովորելու: Այցելուները կարող են անմիջական մասնակցություն ունենալ փառատոնին՝ երգել և պարել ազգագրական պարեր:

Թեյի և սուրճի փառատոն

Հոկտեմբերին Սուրճի և թեյի առաջին փառատոնը կանցկացվի Կարապի լճի տարածքում: Փառատոնն իսկական տոն կդառնա այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Միջոցառման հյուրերը կկարողանան վայելել սուրճ և թեյ, համեղ աղանդեր, մասնակցել համտեսին, ինչպես նաև ըմպելիքներ ձեռք բերել, մասնակցել մրցույթների ու լսել կենդանի երաժշտություն: Անցկացվում է ցուցահանդես-վաճառք, ներկայացվում է սուրճի, թեյի, այդ թվում, տեղական դեղաբույսային թեյերի բազմազան տեսականի:

Արենի գինու փառատոն

Մեկ այլ գինու փառատոն, սակայն այս անգամ Արենի համայնքում: Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը գինու սիրահարները հավաքվում են Արենիում, մասնակցելու արդեն ավանդույթ դարձած ու սիրված գինու փառատոնին: Տեղի և հարակից շրջանների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները: Միջոցառումը լավ հնարավորություն է հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու տեղացի և միջազգային այցելուներին: Առանձնացված տարածքում գինեգործները ներկայացնում են շուրջ 100 տեսակի գինի:

Տարվա ընթացքում անցկացվելու են նաև «Yell Extreme Festival», Հապալասի փառատոն, «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնը, «Խաղաղության խաչմերուկ», «Yerevan Music Night» (Երևանի երաժշտական երեկո) փառատոնը և այլն:

Օրերս կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարի պլանավորում են նաև Յարխուշտայի փառատոն սկսել Հայաստանում:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]