Մշակույթ

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տարվա անդրանիկ համերգը նվիրվեց Կոմիտասի հոբելյանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տարվա անդրանիկ համերգը նվիրվեց Կոմիտասի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) համերգային ծրագրով մեկնարկեց Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն անցկացվեց հունվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ծրագրում կհնչեն ոչ միայն Կոմիտասի, այլև Վերդիի, Գունոյի, Չուխաջյանի գործերը: Երգչախումբը կներկայացնի մի քանի ստեղծագործություն, որոնք վաղուց չեն կատարել»,-նշեց երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը:

Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, որը ներկա էր համերգին, ասաց, որ մեր ժողովրդին անհրաժեշտ էր Կոմիտասը: «Ես չգիտեմ, թե ով էր նա. արդյոքԿոմիտասը սովորակա՞ն մարդ էր՝ դժվարանում եմ ասել»,-նշեց Ղազանչյանը ու պատմեց, որ 1936 թվականին, երբ իր ծնողները Ֆրանսիայից եկել են Հայաստան, այդ նույն նավում եղել է նաև Կոմիտասի դին: Հայաստանում այն դիմավորել է Եղիշե Չարենցը:

Համերգային երեկոյին ներկա երաժշտասերները բուռն ծափողջյուններով էին արձագանքում երգչախմբի բոլոր կատարումներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը:

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ տարվա ընթացքում կիրականացվեն համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կլինեն հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ, կպատրաստվեն և կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ և հոլովակներ, կրթական ծրագրեր և այլն:

Միջոցառումները համընդգրկուն են և նպատակաուղղված են Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը և հասարակական գործունեությունը նորովի ներկայացնելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում