Քաղաքականություն

Փաշինյանը վստահեցնում է՝ ամեն ինչ արել են, որ ԼՂ ինքնորոշման հարցը հասցեագրվի միջազգային պատկերացումներին համապատասխան

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը վստահեցնում է՝ ամեն ինչ արել են, որ ԼՂ ինքնորոշման հարցը հասցեագրվի միջազգային պատկերացումներին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը հենց սկզբից սկսել է ամենաբարձր նշաձողով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում: 

Փաշինյանը սխալ համարեց այն պատկերացումը, որ բանակցություններում պետք է պահանջել առավելագույնը՝ ստանալու համար ընդունելի ինչ-որ բան:

«Երբ դու բանակցությունները սկսում ես ամենաբարձր նշաձողով, հետագա միակ բանը, որ կարող ես անել, նշաձողն իջեցնելն է, քանի որ բարձրացնելու տեղ այլևս չունես: Սա է տեղի ունեցել մեզ հետ ԼՂ–ի բանակցային գործընթացի ողջ ընթացքում: Մենք բանակցային գործընթացում հենց մեկնարկից հանդես ենք եկել ամենաբարձր նշաձողով և չենք հասկացել, որ դրանով արձանագրել ենք մեր պարտությունը, որովհետև, եթե քո նշաձողն ամենավերին կետում է, դու ուրիշ բան, բացի նշաձողն իջեցնելուց, չես կարող անել, որովհետև հասել ես առաստաղին, այլևս բարձրացնել չես կարող: Սա է տեղի ունեցել ԼՂ–ում և ԼՂ–ի խնդրի հետ»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ գործող իշխանությունն ամեն ինչ արել է, որ ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հարցը հասցեագրվի միջազգային պատկերացումներին համապատասխան: «Բայց ԼՂ–ի և Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան արտաքին ազդեցությամբ ու հանձնարարությամբ ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա: Եվ դրա կուլմինացիան ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելն էր, որը Հայաստանի և Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան տոնում էր: Սրանից կարճ ժամանակ անց ԼՂ հայությանը պարտադրվեց բռնագաղթ: Եվ Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանը աջակցեց Հայաստանի և ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան»,–ասաց նա:

Փաշինյանը հավաստիացրեց, որ ՀՀ իշխանությունը նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերին չէր հրաժարվել ԼՂ հարցում իր ունեցած ծրագրերից՝ ասելով, որ դրա համար հարկավոր է, որ հայությունը մնա Լեռնային Ղարաբաղում: Նույնիսկ իշխանական թիմում են ոմանք վարչապետին ասել են, որ պետք է րոպե առաջ ժողովրդին հանել ԼՂ-ից: Ըստ Փաշինյանի՝ դա կարելի էր անել միշտ, սակայն դուրս գալը կնշանակեր ԼՂ հարցի փակում: «Բայց ԼՂ–ի և Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան՝ ՀԱՊԿ–ի իրենց հովանավորների հետ, փակեցին ԼՂ հարցը՝ այն հույսով, որ դա իրենց կօգնի փակել նաև Հայաստանի հարցը՝ Հայաստանում խամաճիկային իշխանություն հաստատելու և Հայաստանի անկախությանը փաստացի վերջ տալու միջոցով: Չստացվեց ու չի ստացվելու»,–վստահեցրեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում