Քաղաքականություն

Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախագահը նշեց, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։ 

«Մենք ցույցերի կազմակերպիչներին շատ անգամներ զգուշացրել ենք, որ զերծ մնան ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն չանեն։ Բայց, ցավոք սրտի, նրանց պահվածքն այլ էր, և ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որ պարտավոր էին անել»,- ասաց ՀՀ նախագահը։ 

Նախագահը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունը հակված չէ որևէ քաղաքացու համար խնդիրներ ստեղծել կամ որևէ մեկին ուժով կարգի հրավիրել։ «Վստահ եղեք, որ ոչ ոք նման ցանկություն չունի։ Բայց իմ խնդրանքն է, որ նրանք էլ այդպիսի իրավիճակներ չստեղծեն ոստիկանության համար»,- հավելեց Խաչատուրյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ երկրում բոլոր գործընթացները տեղի ունենան ժողովրդավարության շրջանակներում։  «Ցավոք, հավաքի կազմակերպիչներն այլ տրամաբանությամբ են աշխատում։ Նրանց, երևի, ինչ-որ ձևով չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»,- ընդգծեց Վահագն Խաչատուրյանը։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում