Քաղաքականություն

Արա Բաբլոյանը գտնում է, որ Հանրապետության տոնին մասնակցության առնչությամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք

3 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը գտնում է, որ Հանրապետության տոնին մասնակցության առնչությամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին չէր մասնակցում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչու Ազգային ժողովի նախագահը ՀՀ վարչապետի և նախագահի հետ ներկա չէր միջոցառումներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանեց.

«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում:

Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում:

Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում:

Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»:

Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը չհրավիրելու մասին ֆեյսբուքյան էջում իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը միասնականությունն է եղել: Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ: Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերարժեքավորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և «նոր իրողություններից»: Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը: Ու ցավոք, դրսևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո և համերաշխության» կոչերին»,- գրել է Աշոտյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում