ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար ազատական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին և դրանց հաջորդած ու մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխեց նոր՝ խորհրդարանական ղեկավարման փուլ՝ վերափոխված Սահմանադրությանը համապատասխան։
«Հետագա ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցույց կտան պետական նոր կացութաձեւի առավելություններն ու թերությունները մեր երկրի համար՝ տնտեսական¸ քաղաքական եւ սոցիալական զարգացման տեսակետից։ Մինչ այդ՝ մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ առաջիկա օրերին կազմվելիք նրա կառավարությանը¸ ի շահ ժողովրդի ու պետության¸ ի շահ խաղաղ¸ ապահով եւ բարեկեցիկ կյանքի ձգտող մեր երկրի»,- ասված է հայտարարության մեջ։
Այսուհանդերձ¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առթիվ։ «Նկատի ունենք այն ջրբաժանը¸ որը տարիների ընթացքում ստեղծվել է իշխանության եւ ժողովրդի՝ հատկապես վերջինիս երիտասարդական խավերի միջեւ¸ որը շարունակաբար խորանում է ու բորբոքում է իրավիճակը երկրում։ Դրա բազմանշանակ ապացույցը բողոքի եւ ընդվզման ներկա վարակիչ շարժումն է¸ որի հնարավոր սայթաքումներից սակայն կարող են օգտվել նաեւ արտաքին ու ներքին կասկածելի ուժեր¸ ինչը խիստ վտանգավոր է մեր պետության համար¸ հատկապես միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում»։
Հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդության ընդվզումը եւ բողոքը¸ անկախ իր այժմյան ղեկավարի նկրտումներից¸ պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից¸ եւ այսուհետեւ երկիրը ոչ թե ձեւական¸ այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի¸ հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ¸ առանց խտրականության։ «ՌԱԿ-ը հանդես կգա պարբերական հայտարարություններով՝ նպաստելու համար երկրում բարեփոխումների անցկացման գործընթացին¸ կմատնանշի իշխանությունների բացթողումներն ու սխալները¸ վճռականորեն կմիջամտի երկրում իսկական ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցներն ապրիլի 13-ից բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում Երևանի կենտրոնում: Այդ ընթացքում նրանք անցկացրել են երթեր Երևանի փողոցներում, իրականացրել են փողոցների և շենքերի շրջափակման զանգվածային գործողություններ, ներխուժել են Հանրային ռադիոյի շենք, անցկացրել հանրահավաքներ Ֆրանսիայի հրապարակում և Հանրապետության հրապարակում: Բողոքի գործողությունները շարունակվում են նաև ապրիլի 19-ին: Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյանմիջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի:Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, հրմշտոց սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին: Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք: