Հասարակական

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

3 րոպեի ընթերցում

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և այս օրերին աշխատանքային այցով Երևանում գտնվող կրթության ոլորտի պատասխանատուներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարևորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր են իրականացվում մեր երկրում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման, խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացման ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է նաև հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը ընդգծել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կարող է դառնալ հայ-իտալական բարեկամության կրթամշակութային կենտրոն:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Դել Մոնակոն վերահաստատել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանն աջակցելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանի խոսքով, այս օրերին Հայաստանում գտնվող Իտալիայի կրթության համակարգի տարբեր կառույցների՝ այդ թվում նաև «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի ներկայացուցիչները տպավորված են հանրակրթական դպրոցներում աշակերտների ու ուսուցչական կազմի հետ հանդիպումներից: Իտալական կողմի ներկայացմամբ՝ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիան, որի հիմնական գործառույթն է իտալերեն լեզվի իմացության հավաստագիր տրամադրելը և ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպումը, ներկայացուցչություններ ունի աշխարհի շուրջ 200 երկրում և կարող է գործուն մասնակցություն ունենալ Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցի հիմնադրման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում