Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրաքվեի մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 33 պատգամավոր:

Օրենքը կարգավորում է հանրաքվեի անցկացման սկզբունքների, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները: Հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Օրենքով հստակեցված է, որ հանրաքվեի են դրվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագծերը,վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը: Հանրաքվեի կարող են դրվել քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մերժվել է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում