Հայաստանում հայտարարվում է հարկային համաներում
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքների նախագծերի փաթեթին, որով հայտարարվում է հարկային համաներում: Մասնավորապես, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերն ազատվում են այդ գումարների վճարումից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է ինքնազբաղված անձանց ազատել հարկումից, իսկ գործունեության տեսակները, որով առաջարկվում է ազատել հարկումից, սահմանվում են օրենքի հավելվածում:
«Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պատրավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերը, նոտարները և ինքնազբաղված անձինք ևս ազատվում են տույժերից: Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք նույնպես ազատվում են տույժերից և տուգանքներից, հարկային մարմին ներկայացնող հարկ վճարողները ճշգրտման արդյունքում ևս կազատվեն տույժերի վճարումներից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:
Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: Չորրորդ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հունվարի մեկ և հինգերորդ՝ առաջարկվում է ակցիզային դրոշմանիշների էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017 թվականի հունվարի մեկից:
Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքելով նշեց, որ կարծում է` հետաքրքիր առաջարկ է: «Պետք է մաքսիմալ տեղեկացված պահել հանրությանը, որպեսզի իմանան ինչի մասին է խոսքը և պատրաստվեն, եթե դրա հարկը կա և կիրառեն այս արտոնություններն ու նախաձեռնությունները»,- ասաց վարչապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում