Հասարակական

Արդարադատության նախարարությունը ներկայացնելու է ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծ

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը ներկայացնելու է ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարությունն ամփոփելու եւ ներկայացնելու է մի քանի օրինագծեր, որոնցից առաջինը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Երկրորդը վերաբերում է իրական սեփականատերերի բացահայտմանը, գնումների գործընթացում իրական սեփականատերերի խնդրի կարեւորությանը եւ, դրանից ելնելով, այս կամ այն կարգավորումը նախատեսելուն: Վերջապես, հաջորդ կարեւոր քայլը, որն, իմ համոզմամբ, կամփոփի այս ամենը, հակակոռուպցիոն մարմնի հետ կապված քննարկումներն են, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կներկայացվեն այդ մարմնին վերաբերող օրինագծեր»,-ասաց Արդարադատության նախարարը:

Նա նշեց, որ հակակոռուպցիոն մարմնի ներսում հատվածային լուծումներով հնարավոր չէ հասնել ինչ-որ վերջնական արդյունքի:«Ինչպիսի մարմին էլ լինի, ինչ տեսքով էլ այն գործի, պետք է ունենա լծակներ, գործիքակազմ, մարմնի ղեկավարից էլ շատ բան է կախված: Բոլոր պայմաններն էլ անհրաժեշտ են արդյունքի հասնելու համար»,-նշեց նա:

Արփինե Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ նվիրատվություններին եւ փոխառություններին՝ նշելով, որ առաջիկայում դրանց հետ կապված փաթեթներ նույնպես կներկայացվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում