Հայաստանը ողջունում է սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է արել սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մեկնաբանության մեջ նշված է. «Մենք ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև սիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հուսով ենք, որ, այդ պայմանավորվածությունների համաձայն, բոլոր կողմերը հրադադարը գործնականում կպահպանեն, և, որպես անհետաձգելի քայլ, հակամարտությունից առավել տուժած շրջաններ կապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը և դրա տրամադրումը բնակչությանը: Այս առումով մեզ համար առավել մտահոգիչ է Հալեպում և դրա շրջակայքում ստեղծված հումանիտար իրավիճակը, և օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնության տրամադրումն ավելի քան հրատապ է:
Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ համապարփակ բանակցությունների համար»: