Հասարակական

Վահան Մարտիրոյանն Ուկրաինայի տարածքում չէ. պաշտոնական հաստատում

3 րոպեի ընթերցում

Վահան Մարտիրոյանն Ուկրաինայի տարածքում չէ. պաշտոնական հաստատում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող, ընտանիքի հետ Ադրբեջանին հանձնված Վահան Մարտիրոսյանի՝ Ուկրաինայի տարածքում գտնվելու լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի նամակի: Նամակը դեսպան Մանուկյանը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը հետախուզվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ և պատասխանատվությունից խուսափելու համար փախել է Ադրբեջան: Այնուամենայնիվ, հենց իր և ադրբեջանական մամուլի կողմից պարբերաբար տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Մարտիրոսյանը տեղափոխվել է Ուկրաինա»,- գրել է դեսպան Մանուկյանը՝ հավելելով, որ նման տեղեկատվության ի հայտ գալու առաջին իսկ օրերից Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը դիվանագիտական քայլեր է ձեռնարկել իրավիճակի պարզման ուղղությամբ:

Դեսպանի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի իշխանություններից պաշտոնական պատասխան է ստացվել առ այն, որ Վահան Մարտիրոսյանը Ուկրաինայի տարածքում չէ:

«Չի բացառվում, որ նա (Վահան Մարտիրոսյանը- խմբ.) և նրա ներկայիս տերերը առաջիկայում ևս ապարդյուն փորձեն ցանկալին իրականության տեղ ներկայացնել, սակայն մենք հիմնվում ենք փաստերի և իրականության վրա»,- գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպանը:

Վահան Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում` «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015 թ.): Վահան Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը` Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը` Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ: ՀՀ իրավապահ մարմինները 2015թ. սեպտեմբերի 9-ին Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել: Նա ընտանիքի հետ հանձնվել է Ադրբեջանին 2015թ. սեպտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում