Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով. Ստանիսլավ Տարասով

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով. Ստանիսլավ Տարասով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն` անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություններին, որ եթե հայկական զինուժը զորքը դուրս չբերի ազատագրված տարածքներից, ապա մայիսի 8-ին և 9-ին հարձակումն անխուսափելի է:

«Սպառնալիքի լեզվով խոսելը բնորոշ է Ադրբեջանին: Դա արկածախնդրային հայտարարություն է: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, նրանք իրենց հաղթանակ են վերագրում, բայց իրականում պարզվում է, որ ոչ մի հաղթանակ էլ չկա: Եվ հիմա խուլ դիվանագիտական պաշտպանության մեջ են: Համանախագահների կողմից խոսվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոնիտորինգի իրականացման մեխանիզմի ներդրման մասին, և ահա այս իրավիճակում Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ հաղթանակ: Ես այստեղ մի հարց եմ ցանկանում տալ. եթե նրանք ուզում էին հաղթել, ապա այդ դեպքում ինչո՞ւ չօգտագործեցին այն ժամանակահատվածը, երբ սկսվեցին ռազմական գործողությունները»,-ասաց ռուս քաղաքագետը: Նրա խոսքով, հասկանալի չէ, թե ադրբեջանական կողմն ինչի համար կռիվ սկսեց, հասկանալի չէ, թե սա ինչ արկածախնդրություն է: Ստանիսլավ Տարասովի կարծիքով, ամեն դեպքում նման գործողությունները, հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին:

«Ադրբեջանում քիչ չեն գիտակ մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են ստեղծված իրավիճակը: Նրանք հարց են բարձրացնում, ինչի՞ համար է այս ամենը, երբ իրենց դիվանագիտությունը պարտվում է, հասկանալի չէ, թե նախագահ Ալիևը ուր է նայում: Այնպես որ պարզ է` ադրբեջանական կողմը աջակցություն չունի, եթե դա լիներ, ապա ապրիլի սկզբի իրադարձություններն այլ կերպ կզարգանային, այնպես որ այդ ամենը բլեֆ է»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում