ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման մասնակից Նոբելյան դափնեկիրները Հայաստանում կմշակեն գիտական նոր ծրագրեր: Այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
«Մենք բարձր ենք գնահատում մեր գիտական ներուժը, մեծ հարգանք ունենք կրթության ավանդույթների նկատմամբ: Ունենք մի մեծ ցանկություն, որ այս 5 օրում նոբելյան մրցանակակիրների օգնությամբ իրականում ստեղծենք և գործի մեջ դնենք գիտական նոր ծրագրեր ու ուղղություններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ռեկտորը:
Նարիմանյանի խոսքով` Հայաստանում մեծ սպասելիքներ ունեն Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրների դասախոսություններից:
«Նրանք կներկայացնեն գիտության այն ուղղությունները, ճյուղերը, դաշտը, որտեղ հասել են չափազանց բարձր արդյունքների: Այդ արդյունքներն այսպես թե այնպես կապված են բժշկության, բժշկագիտության հետ և հզորացնում են մեր առողջապահության համակարգը, բժշկագիտությունը, բժշկական կրթությունը»,-նշեց նա:
Միքայել Նարիմանյանի խոսքով`ինքն ակնկալում է, որ Հայաստանում կբարելավվի կրթական մակարդակը և կհամապատասխանի այն չափանիշներին, որոնք թելադրում են Նոբելյան մրցանակի դափնեկիրները:
«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն անցկացվում է ապրիլի 12-15-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ: Այն տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն է տալու կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը հավակնում է դառնալ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական իրադարձություններից: Մասնակիցների թվում են նոբելյան մրցանակակիրներ Ահարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, Դեն Շեխտմանը, Ադա Յոնաթը, Ջոն Ուորենը: