Հասարակական

Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

2 րոպեի ընթերցում

Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու մինի կենդանաբանական այգու արջերն արդեն ապահով ձեռքերում են: Մինչ Ռումինիա տեղափոխելը Մաշա և Միշա արջերը հունվարի 22-ին տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կմնան որոշ ժամանակ՝ վերականգնվելու, արտերկիր մեկնելու համար հատուկ պատվաստումներն անցնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու մինի կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանը: «Կարծում եմ, 20 օրից մինչև 1 ամիս կմնան Երևանում. հատուկ կարանտինի շրջան է պահանջվում արտերկիր տեղափոխելու համար, բացի այդ արջերին նաև համարակալելու ու պատվաստելու են: Մինչ այդ էլ կլուծվի նրանց տեղափոխման համար անհրաժեշտ անձնագրերի հարցը»,-նշեց Ստեփան Վարդանյանը: Մաշա և Միշա արջերին Ռումինիայի արջերի պահպանության և խնամքի համար նախատեսված հատուկ պահպանվող այգի տեղափոխելու ցանկություն հայտնել է Libearty Bear Sanctuary կենդանիների պաշտպանության ասոցիացիան: Արջերի պահպանման ու խնամքի այգին հատուկ գոտի է« որտեղ այժմ գտնվող կենդանիները բնակվում են բնական միջավայրում:

Ստեփան Վարդանյանը, սակայն, առյուծների հարցը դեռ անորոշ է համարում: «Գտնում եմ, որ նրանց ևս ճիշտ է Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելը»«-ավելացրեց տնօրենը:

Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել: Խնդիրը ոչ միայն կերի հայթայթման հետ է կապված,այլ նաև ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության: Խնդիրն այնքան լուրջ է, որ ստիպված ուղտին, լամային, կապիկներին, լուսաններին ու ջայլամին ժամանակավորապես պահ են տվել Արմավիրի գազանանոցում: Գյումրիում այս պահին շատ լուրջ է առյուծների՝ 7 տարեկան մայր առյուծի՝ Մերիի ու ձագերի՝ Զիտայի ու Գիտայի հարցը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում