Տիգրան Համասյանը դժգոհ է ռադիոյով և հեռուստատեսությամբ ներկայացվող երաժշտությունից
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը փաստում է՝ հայկակական ռադիոյով և հեռուստատեսությամբ շատ անորակ երաժշտություն են ներկայացնում: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացված Երաժշտական համաժողովի ընթացքում Համասյանը նշեց՝ կարևոր է, որ գրաքննություն լինի:
«Ռադիոյով և հեռուստատեությունով 90 տոկոսով աղբ են ներկայացնում: Օրինակ՝ Եվրոպայում էլ, նույնիսկ չափից դուրս ազատ երկրներում, աղբ չեն ցուցադրում»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ ընդգծեց, թե հոգնել է այն թեմայի հարցերի պատասխանելուց, թե ինչու են անորակ երգեր հնչում: «Առաջարկն է ձևավորում պահանջարկ և ոչ հակառակը»,-համոզված է նա:
Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, խնդրի վերաբերյալ խոսելով, նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում ինքնագործ արվեստ լսելու համար տվյալ ստեղծագործությունը պետք է որոշակի հիմնարկներով է անցներ, որ հնչեր, «Երբ մենք փորձեցինք ազատվել գրաքննությունից, հայտնվեցինք այն վիճակում, որում ապրում ենք: Այն ռաբիսը, որը հնչում է, մեր կյանքն է. մեր կյանքը բարելավելն է խնդիրը: Մեր երիտասարդները պետք է գնան այլ երկրներում սովորեն և չսիրեն այս երգերը: Արգելելը սխալ է»,- նշեց նա:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվեց Երաժշտական համաժողով, որին մասնակցեցին Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանը: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գլխավորությամբ անցկացվող հանդիպման ժամանակ տեղի ունեցան քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում