Իրավունք

Գագիկ Հարությունյանը լիահույս է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ միջազգային համաժողովը նոր լուծումներ կառաջարկի

5 րոպեի ընթերցում

Գագիկ Հարությունյանը լիահույս է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ միջազգային համաժողովը նոր լուծումներ կառաջարկի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մարզային քննարկումներին զուգահեռ Երևանում անցկացվում է նաև միջազային համաժողով «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով, որին մասնակցում են արտասահմանցի և հայ փորձագետներ: Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով` նման լսարաններում մտքերի փոխանակման ժամանակ կարելի է հասնել լուծումների, առաջարկների, որոնք հաշվի կառնվեն հայեցակարգի մշակման ժամանակ: «Մենք կկարողանանք շրջադարձային այս փուլում գտնել այնպիսի լուծումներ, որ մեր երկրի և հասարակության կայուն զարգացումը երաշխավորված լինի: Առաջին անգամ է մեր հայ իրականության մեջ, որ կարևորագույն նշանակության խնդիրը ընդհուպ մինչև լուծման եզրին հասնելը, հանրային քննարկման առարկա է դառնում նախագծային փուլում: Հանձնաժողովը ձեռնարկեց այդ քննարկումները ոչ պատահական ձևով, այլ նկատի ունենալով, որ հայեցակարգում լուծումները չպետք է հիմված լինեն այս կամ այն անձի, քաղաքական ուժի կոնկրետ նկրտումների շրջանակներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահի դիտարկմամբ` ներկայում իրականացվող փոփոխություններն ուղղված են ոչ միայն այսօրվա քաղաքացիներին, այլև հետագա սերունդներին և գործընթացը հավասարակշիռ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հանրային կարծիք` թե մասնագետների, թե ոչ մասնագետների կողմից:

Գագիկ Հարությունյանը կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովին են մասնակցում միջազգային պրոֆեսորներ, ում առաջարկները կարող են օգտակար լինել: «Օգոստոսի 22-ին, երբ հանձնաժողովը կհավաքվի ամփոփելու հանրային քննարկման արդյունքները, բավականին նոր նյութ կլինի, որը շատ օգտակար է»,-նշեց Գագիկ Հարությունյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ևս կարևորեց նման համաժողովի անցկացման անհրաժեշտությունը: «Սահմանադրությունն ընդունված ամենալայն հասարակական համաձայնությունն է և այդ պատճառով հասարակությունը պետք է ոչ միայն գիտելիք, պատկերացում ունենա դրա բարեփոխումների մասին, բայց և պետք է ունենա անմիջական մասնակցություն դրանում: Այս բարեփոխումներն ընթանում են մի շրջանում, երբ հանրային վստահությունը տարբեր ինստիտուտների նկատմամբ շատ ցածր է: Այս մթնոլորտում, երբ չունենք այն կարևորագույն հարթակի հասանելիությունը հեռուսատեսության և մամուլի լայն քննարկումների համար, մտքերի լայն փոխանակում դժվար է ապահովել: Այս նախաձեռնությունը մի փորձ է և հուսով ենք` կկարողանք ինչ-որ ձևով սկսել գործընթացն ու դարձնենք այն ավելի ընդգրկուն ու ծավալուն»,-ասաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը:

Լարիսա Մինասյանի հավաստմամբ` տարիների ընթացքում կատարված մշտադիտարկումները, որոնք ուղղված են եղել իրավունքների, ազատությունների կառավարման հարցերին ու արդարադատության վիճակին, ցույց են տվել, որ կան խորքային խնդիրներ այդ իրավունքները պաշտպանելու համար: «Վերլուծելով և մշտադիտարկելով մի շարք լայնածավալ բարեփոխումային ծրագրեր, բազմիցս մենք նաև ստիպված ենք եղել արձանագրել, որ դրանք կատարվում են օրենքի տառը հարգելով, ոչ թե իրավունքի ոգին պաշտպանելով ու առաջ տանելով: Եթե այսպիսի մոտեցում դրսևորենք սահմանադրական փոփոխությունների այս փուլում, դա կլինի շատ վտանգավոր»,-ասաց Լարիսա Մինասյանը:

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են, ներկայում ընթանում է մարզային փուլը, որի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել Աշտարակում, Արտաշատում, Արմավիրում, Գավառում: ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները քննակում են ունեցել նաև հոգևորականների հետ Մայր Աթոռում և սպասում են նրանց առաջարկություններին, որոնք հաշվի կառնվեն վերջնական հայեցակարգի մշակման ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում