Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանը կմիանա Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով. ՀՀ Նախագահ

Հայաստանը կմիանա Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած 
սահմաններով. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես 23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով զրուցավարի այն հարցին, թե ինչպես է գնահատում Աստանայում  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հնչած հայտարարությունները։ ՀՀ նախագահը նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի միությանը։ «Գիտեք, ինձ համար կարծես թե այդ հարցը սպառված էր, և ես զարմանում եմ, որ մենք դեռևս շարունակում ենք քննարկել այն։ Բովանդակային առումով, կարծում եմ, ամեն ինչ վերջացած է։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանը, այո՛, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես Հայաստանը այս 23 տարիների ընթացքում անդամակցել է  մնացած բոլոր  միջազգային կառույցներին։ Որևէ մեկը կա՞, որ կասի, թե այս մոտեցումը սխալ է։ Վստահ եմ, որ ոչ։ Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունն ունի առանձնահատուկ հարաբերություններ երկրորդ հայկական հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Եվ կասկածի տակ առնել այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է՝ սխալ է։ Այո՛ որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Բոլորի համար էլ հասկանալի է, եթե որոշակի խնդիրներ մնացել են, հուզական և էմոցիոնալ մակարդակում են։ Եվ ես մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ մեր ժողովրդի ցանկություններն ու հույզերը։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքականության մեջ և, առավել ևս, դիվանագիտության մեջ հույզերը տեղ չունեն։ Դիվանագիտությունը կամ բանակցությունները տղայություն անելու տեղ չեն։ Այդպիսի հանգամանքները ավելի շուտ կարելի է գնահատել որպես անպատասխանատվություն, բախտախնդրություն։ Դիվանագետի և քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար միշտ ցուցաբերելու ենք հաստատակամություն՝ հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով և տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը։

Նա զարմանալի համարեց այն, որ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Աստանայում հնչած հայտարարությունը շատերը համարում են անակնկալ։ «Ու՞մ  համար է գաղտնիք, որ Ադրբեջանը լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը տասնյակ և հարյուրավոր անգամներ օրական, և իհարկե դիվանագիտական ճակատում էլ է պատերազմ մղում։ Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և ՛Ղազախստանի նախագահին, և՛ Ռուսաստանի նախագահին, և՛ Բելառուսի նախագահին։ Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում այդ տեսակետը։ Մեր պատվիրակության կազմում տասից ավելի մարդ էին, և նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել։ Այդ տասը մարդն էլ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին։ Բացի դրանից, մենք ունենք անցյալի փորձը։ Մինսկում Ղազախստանի նախագահը այդ հարցերը բարձրացրեց, և այստեղ անականկալի գալու ի՞նչ խնդիր կա։ Բացարձակապես հարցը նպատակահարմարության մասին է՝ որտեղ ինչ կարելի է ասել։ Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել։ Մի կողմ դրեք հույզերը և լսե՛ք, թե այնտեղ ինչ է հնչել։ Եվ երբ որ ես ասում էի՝ տհաճ է, տհաճությունը ոչ թե բովանդակային առումով էի ասում, այլ տհաճ է, որ  Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին։ Միայն այսքանը։ Իսկ որ Հայաստանի Հանրապետությունը ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա։ Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը, և փորձում են  այս թեման դաձնել քննարկման առարկա, ոչնչով չեն օժանդակում, այլ խոչընդոտում են խնդրի լուծմանը, և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Ես մի բան էլ պետք է ասեմ՝ դիմելով իմ քննադատներին, խնդրում եմ՝ մի պաշտպանեք Արցախը ինձնից։ Ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ»,- ասաց ՀՀ Նախագահը։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, իբր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am