Նոր Հալեպ թաղամասի նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են
2 րոպեի ընթերցում
![Նոր Հալեպ թաղամասի նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/03/755689.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի համար կառուցվող Նոր Հալեպ թաղամասի նախագծման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Հիմա դրանց հետ կապված վերջնական ճշգրտումներ են արվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նրա խոսքով` առաջիկայում քննարկումներ են սպասվում` շինարարությունը սկսելու վերաբերյալ: «Նոր Հալեպ թաղամասի շինարարության համար անհրաժեշտ է 20 միլիոն դոլար, սակայն շինարարությունը սկսելու համար դեռ քիչ գումար է հավաքվել»,-ասաց Զաքարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Հայաստանում այս պահին 11 հազար սիրիահայ կա: Նրանցից 650 ընտանիք դիմել են բնակարան ձեռք բերելու հարցով:
Նոր Հալեպ բնակարային համալիրը կլուծի 488 սիրիահայ ընտանիքի կացարանային պայմանների խնդիրը: Թաղամասը գտնվելու է Աշտարակ քաղաքում` Աշտարակից Էջմիածին տանող մայրուղուն մոտ: Այն բաղկացած կլինի երկու բնակելի և ակումբային շենքերից: Ակումբը պետք է ծառայի մշակութային և առողջապահական կյանքն ապահովելու համար: Բնակարանային համալիը կունենա լողավազան, մարզասրահ, թենիսի և բասկետբոլի մարզադաշտեր, մանկապարտեզ, եթե պետք լինի` նաև դպրոց: Գետնահարկում կտրամադրվեն փակ ավտոկանգառներ, որտեղից կարելի կլինի բարձրանալ բնակարաններ: