Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը նաև մեղվապահ է
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ իրականության մեջ «Տիգրան» անունը վերածնվել և նոր տարածում է գտել շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից հետո: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթող Տիգրան Քոթանջյանը արդարացրեց իրեն տրված չեմպիոնական անունը, չնայած շախմատիստը չի կարծում, որ իրեն ի պատիվ Տիգրան Պետրոսյանի են կոչել: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց նորընծա չեմպիոնի հետ առաջիկա անելիքների մասին և «գաղտնազերծեց» Տիգրան Քոթանջյանի մեղվապահ լինելը:
-Ինչպիսի՞ տպավորություններ և զգացողություններ ունեք չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո:
-Առաջնության ավարտից հետո շատ չեմ հուզվել: Ավելի շատ վստահություն եմ ձեռք բերել, բայց և մեծացել է պատասխանատվությունը: Նույնն եմ, չեմ մեծամտացել:
-Ինչպե՞ս սկսեցիք շախմատ խաղալ:
-Մայրս ցանկանում էր, որ հաճախեմ լողի, ես ուզում էի շախմատի խմբակ գնալ: Հարցը կտրուկ դրվեց, որ եթե ես լողի չգնամ, ուրեմն չեմ գնա նաև շախմատի: Դրա համար միաժամանակ գնում էի և’ լողի, և’ շախմատի: Հետո, իհարկե, վերջում ընտրեցի շախմատը, չնայած 4 տարի լողի էի հաճախել:
-Իսկ լողում հաջողություններ եղա՞ն:
-Շատ վատ լողորդ էի: Թիմի ամենաանհաջողակն էի: Պարզապես չէի կարողանում լավ լողալ: Սակայն շախմատում ամեն ինչ ավելի լավ էր:
-Կա՞ն շախմատիստներ, ում բոլոր պարտիաներն ուսումնասիրել եք:
-Իհարկե, մեծագույն բոլոր շախմատիստներին ուսումնասիրել պետք է: Հիմա ավելի շատ ժամանակակից խաղերն եմ նայում, ինչպես, օրինակ, Լևոն Արոնյանի պարտիաները: Նրա բոլոր պարտիաներին պարտադիր հետևում եմ:
-Կա՞ մեկը, ում կարծիքի հետ հաշվի եք նստում յուրաքանչյուր պարտիայից հետո:
-Համակարգիչը: Ես մարզվում եմ միայն համակարգչի օգնությամբ: Եվ այդպես են վարվում բոլորը: Նույնիսկ մեծագույն շախմատիստներն են դիմում համակարգչի օգնությանը:
-Շախմատը Ձեզ համար աշխատա՞նք է, թե՞…
-Այժմ շախմատն ինձ համար աշխատանք է: Առաջ մեծ հաճույք էի ստանում դրանից: Սակայն այժմ միայն աշխատանք է:
-Եթե ոչ շախմատը, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Դժվարանում եմ ասել: Բայց հիմա ես նաև մեղուներ եմ պահում: Նրանք ինձ շատ են օգնում առհասարակ ամեն ինչում: Օգնում են սթափ դատել: Մեղուներն ինձ եկամուտ չեն բերում, ոչ էլ ընտանեկան բիզնես է: Կարծում եմ, մարդ իրեն լավ է զգում հիմնական աշխատանքից դուրս ինչ -որ բան անելիս, իսկ ես լավ եմ զգում մեղվապահությամբ զգաղվելիս: Ունեմ 35 մեղավաընտանիք: Հաճախ բավական շատ ու լավ գաղափարներ են ծնվում նրանց արագ ու ապահով զարգացնելու համար:
-Եվրոպայի և աշխարհի անցած տարվա առաջնություններում ի՞նչն էր պակասում մեր հավաքականին : Ի՞նչ է պետք մեր շախմատիստներին այս օլիմպիական տարում հաջողության հասնելու համար:
-Նախ պետք է, որ բոլորը լավ մարզավիճակում լինեն: Պատահեց այնպես, որ անցած անգամ մի քանիսը լավ մարզավիճակում չէին: Իսկ դա բավական լուրջ խնդիր է: Եթե հինգից գոնե մեկը վատ մարզավիճակում լինի, դեռ ոչինչ, իսկ մնացածը պետք է լավ մարզավիճակում լինեն: Հետո շատ եմ կարևորում բախտը, կարծում եմ, որ ամեն ինչում պետք է բախտդ բերի, որ հաղթանակի մեջ դեր ունի նաև բախտի գործոնը:
-Յուրաքանչյուր շախմատիստ ունի իր խաղաոճը, ինչպիսի՞ շախմատ եք Դուք նախընտրում խաղալ:
-Անկեղծ ասած, ես ձգտում եմ ավելի ագրեսիվ և հետաքրքիր շախմատ խաղալ, հատկապես` սև խաղաքարերով: Շատ եմ սիրում անակնկալներ մատուցել, ռիսկի դիմել, եթե անգամ շատ լավ վերլուծված պարտիա է: Հաշվի եմ առնում նաև այն, որ դիրքը նոր է, և դժվար թե մրցակիցս կարողանա խաղատախտակի վրա ճիշտ և արագ լուծումներ գտնել: Ասեմ, որ այն մեծ օգուտ է բերում: Իսկ սպիտակ խաղաքարերով սիրում եմ սթափ խաղալ և աշխատել դատողության վրա: Միշտ փորձում եմ հարձակվել և ագրեսիվություն ցուցաբերել: Եվ միշտ` ամեն պարտիայից առաջ պատրաստվում եմ կոնկրետ և անհատապես յուրաքանչյուր շախմատիստի դեմ խաղին: Փորձում եմ խաղալ այնպիսի խաղ և ստանալ այնպիսի դիրք, որտեղ մրցակիցս իրեն լավ չի զգա:
-Մի անգամ նշել եք, որ ինչ-որ չափով սնահավատ եք, և առաջնության ժամանակ Ձեզ հաջողություն է բերել «առաջին համարով» հանդես գալը: Դա իսկապե՞ս օգնել է Ձեզ:
-Ես հավատում եմ, որ առաջնությունում «առաջին համարով» հանդես գալը իսկապես հաջողություն էր: Բոլոր շախմատիստներն էլ ինչ -որ չափով հավատում են նման բաներին: Ես անպայման նույն գրիչով եմ քայլերը գրանցում, որով հաղթել եմ նախորդ պարտիաներում: Եվ այս անգամ նույն դեղին շապիկով էի գնում առաջնությանը: Ամեն երեկո լվանում էի, հաջորդ օրը հագնում: Շատ էլ լավ ստացվեց:
-Իսկ օլիմպիադային կարո՞ղ է Ձեզ հետ վերցնեք այդ դեղին շապիկը:
-Գուցե, ինձ թվում է այնտեղ ցուրտ կլինի, և այդ դեղին մարզաշապիկն էլ տաք է (ծիծաղում է):
-Դուք որպես շախմատի հավաքականի նոր անդամ, ինչպե՞ս եք գնահատում Լևոն Արոնյանի հնարավորությունները հավակնորդների մրցաշարում:
-Լևոնն ամենալավ հնարավորություններն ունի: Նախ` ամենաբարձր վարկանիշն ունի:: Համեմատաբար ուժեղներից` Կրամնիկից և Անանդից ավելի երիտասարդ է, իսկ մյուսներից ավելի փորձառու: Կարլսենը չի խաղում, քանի որ աշխարհի չեմպիոնն է: Այդ մրցաշարում մի քանի շախմատիսներ էլ կան, բայց ամենամեծ հնարավորությունները Լևոնն ունի:
-Ինչպիսի՞ ծրագրեր ունեք 2014 թվականի հետ կապված:
-Կմասնակցեմ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, շախմատային օլիմպիադային: Տեսնենք, գուցե տարվա ընթացքում մասնակցեմ մի քանի բաց առաջնությունների:
-Եվրոպայի անհատական առաջնությունը Երևանում է: Հավատո՞ւմ եք, որ «տան պատերը կօգնեն» Ձեզ :
-Անպայման, Երևանում միշտ հաջող եմ հանդես գալիս: Մեծ հաճույքով եմ խաղում, այն էլ Եվրոպայի առաջնությունում:
-Մի քանի այլ հարցեր. ո՞վ է Ձեր ամենասիրելի շախմատիստը:
-Կարպովը: Ինձ համար նա յուրահատուկ շախմատիստ է, ֆանտաստիկ կարողության տեր:
-Որն է սիրելի ֆիլմը և գիրքը:
-Շատ են, սիրում եմ կոմեդիաներ նայել: Իսկ գիրքը… միշտ ֆանտաստիկ գրականություն եմ կարդացել: Եվ սիրել եմ Ջեկ Լոնդոնին:
-Երևանում սիրելի վայր ունե՞ք:
-Ոչ, Երևանում շատ չեմ լինում: Ինձ ավելի հաճախ կտեսնեք Սևանի լեռներում:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Արթուր Հարությունյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում