Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը նաև մեղվապահ է

Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը նաև մեղվապահ է

ԵՐԵՎԱՆ, 28  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ իրականության մեջ «Տիգրան» անունը վերածնվել և  նոր տարածում է գտել շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից հետո: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթող Տիգրան Քոթանջյանը արդարացրեց իրեն տրված չեմպիոնական անունը, չնայած շախմատիստը չի կարծում, որ իրեն ի պատիվ Տիգրան Պետրոսյանի են կոչել: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց նորընծա չեմպիոնի հետ առաջիկա անելիքների մասին և «գաղտնազերծեց»  Տիգրան Քոթանջյանի մեղվապահ լինելը:

-Ինչպիսի՞  տպավորություններ  և զգացողություններ  ունեք  չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո:

 -Առաջնության ավարտից հետո շատ չեմ հուզվել: Ավելի շատ վստահություն եմ ձեռք բերել, բայց և մեծացել է պատասխանատվությունը: Նույնն եմ, չեմ մեծամտացել:

 -Ինչպե՞ս  սկսեցիք շախմատ խաղալ:

 -Մայրս ցանկանում էր, որ հաճախեմ լողի, ես ուզում էի շախմատի խմբակ գնալ: Հարցը կտրուկ դրվեց, որ եթե ես լողի չգնամ, ուրեմն չեմ  գնա նաև շախմատի: Դրա համար միաժամանակ գնում էի և’ լողի, և’ շախմատի: Հետո, իհարկե, վերջում ընտրեցի շախմատը, չնայած  4 տարի լողի էի հաճախել:  


 -Իսկ  լողում  հաջողություններ  եղա՞ն:

 -Շատ վատ լողորդ էի: Թիմի ամենաանհաջողակն էի: Պարզապես չէի կարողանում լավ լողալ: Սակայն շախմատում ամեն ինչ ավելի լավ էր:  

 -Կա՞ն շախմատիստներ, ում բոլոր պարտիաներն ուսումնասիրել եք:

 -Իհարկե, մեծագույն բոլոր շախմատիստներին ուսումնասիրել պետք է: Հիմա ավելի շատ ժամանակակից խաղերն եմ նայում, ինչպես, օրինակ, Լևոն Արոնյանի պարտիաները: Նրա բոլոր պարտիաներին պարտադիր հետևում եմ:  

-Կա՞ մեկը, ում կարծիքի հետ հաշվի  եք նստում յուրաքանչյուր պարտիայից հետո:

 -Համակարգիչը: Ես մարզվում եմ միայն համակարգչի օգնությամբ: Եվ այդպես են վարվում բոլորը: Նույնիսկ մեծագույն շախմատիստներն են դիմում համակարգչի օգնությանը:

-Շախմատը Ձեզ համար  աշխատա՞նք  է, թե՞…

 -Այժմ շախմատն ինձ համար աշխատանք է: Առաջ մեծ հաճույք էի ստանում դրանից: Սակայն այժմ միայն աշխատանք է:

-Եթե ոչ շախմատը,  ուրիշ  ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Դժվարանում եմ ասել: Բայց  հիմա ես նաև մեղուներ եմ պահում: Նրանք ինձ շատ են օգնում  առհասարակ ամեն ինչում: Օգնում են սթափ դատել: Մեղուներն ինձ եկամուտ չեն բերում, ոչ էլ ընտանեկան բիզնես է: Կարծում եմ, մարդ իրեն լավ է զգում հիմնական աշխատանքից դուրս  ինչ -որ բան անելիս, իսկ ես լավ եմ զգում մեղվապահությամբ զգաղվելիս: Ունեմ 35 մեղավաընտանիք: Հաճախ բավական շատ ու լավ գաղափարներ են ծնվում նրանց արագ ու ապահով զարգացնելու համար:

 -Եվրոպայի և աշխարհի անցած տարվա առաջնություններում ի՞նչն  էր պակասում մեր հավաքականին : Ի՞նչ է պետք մեր շախմատիստներին  այս օլիմպիական տարում հաջողության հասնելու համար:

 -Նախ պետք է, որ բոլորը լավ մարզավիճակում լինեն: Պատահեց այնպես, որ անցած անգամ մի քանիսը լավ մարզավիճակում չէին: Իսկ դա բավական լուրջ խնդիր է: Եթե հինգից  գոնե մեկը վատ մարզավիճակում լինի, դեռ ոչինչ, իսկ մնացածը պետք է լավ մարզավիճակում լինեն: Հետո շատ եմ կարևորում բախտը, կարծում եմ, որ ամեն ինչում պետք է բախտդ բերի, որ հաղթանակի մեջ դեր ունի նաև բախտի գործոնը:

 -Յուրաքանչյուր շախմատիստ ունի իր խաղաոճը, ինչպիսի՞ շախմատ  եք Դուք  նախընտրում խաղալ:

 -Անկեղծ ասած, ես ձգտում եմ ավելի ագրեսիվ և հետաքրքիր շախմատ խաղալ, հատկապես` սև խաղաքարերով: Շատ եմ սիրում անակնկալներ մատուցել, ռիսկի դիմել, եթե անգամ շատ լավ վերլուծված պարտիա է: Հաշվի եմ առնում նաև այն, որ դիրքը նոր է, և դժվար թե մրցակիցս  կարողանա խաղատախտակի վրա ճիշտ և արագ լուծումներ գտնել: Ասեմ, որ այն մեծ օգուտ է բերում: Իսկ սպիտակ խաղաքարերով սիրում եմ սթափ խաղալ և աշխատել դատողության վրա: Միշտ փորձում եմ հարձակվել և ագրեսիվություն  ցուցաբերել: Եվ միշտ` ամեն պարտիայից առաջ պատրաստվում եմ կոնկրետ և անհատապես յուրաքանչյուր շախմատիստի դեմ խաղին: Փորձում եմ խաղալ այնպիսի խաղ և ստանալ այնպիսի դիրք, որտեղ մրցակիցս իրեն լավ չի զգա:

-Մի անգամ նշել եք, որ ինչ-որ չափով սնահավատ եք, և  առաջնության ժամանակ Ձեզ հաջողություն է բերել «առաջին համարով»  հանդես գալը: Դա իսկապե՞ս օգնել է Ձեզ:

 -Ես հավատում եմ, որ առաջնությունում «առաջին համարով» հանդես գալը իսկապես հաջողություն էր:  Բոլոր շախմատիստներն էլ ինչ -որ չափով հավատում են նման բաներին: Ես անպայման նույն գրիչով եմ քայլերը գրանցում, որով հաղթել եմ նախորդ պարտիաներում: Եվ այս անգամ նույն դեղին շապիկով էի գնում առաջնությանը: Ամեն երեկո լվանում էի, հաջորդ օրը հագնում: Շատ էլ լավ ստացվեց:

 -Իսկ օլիմպիադային կարո՞ղ է Ձեզ հետ վերցնեք այդ դեղին շապիկը:

 -Գուցե, ինձ թվում է այնտեղ ցուրտ կլինի, և այդ դեղին մարզաշապիկն էլ տաք է (ծիծաղում է):

 -Դուք որպես շախմատի հավաքականի նոր անդամ, ինչպե՞ս եք գնահատում Լևոն Արոնյանի հնարավորությունները հավակնորդների մրցաշարում: 

  -Լևոնն ամենալավ հնարավորություններն ունի: Նախ` ամենաբարձր վարկանիշն ունի:: Համեմատաբար ուժեղներից` Կրամնիկից և Անանդից ավելի երիտասարդ է, իսկ մյուսներից ավելի փորձառու: Կարլսենը չի խաղում, քանի որ աշխարհի չեմպիոնն  է: Այդ մրցաշարում  մի քանի շախմատիսներ էլ կան, բայց ամենամեծ հնարավորությունները Լևոնն ունի:  

-Ինչպիսի՞ ծրագրեր  ունեք  2014 թվականի հետ կապված:

 -Կմասնակցեմ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, շախմատային օլիմպիադային: Տեսնենք, գուցե տարվա ընթացքում մասնակցեմ մի քանի բաց առաջնությունների:

-Եվրոպայի անհատական առաջնությունը Երևանում է: Հավատո՞ւմ եք, որ «տան պատերը կօգնեն» Ձեզ :

 -Անպայման, Երևանում միշտ հաջող եմ հանդես գալիս: Մեծ հաճույքով եմ խաղում, այն էլ Եվրոպայի  առաջնությունում: 

-Մի քանի այլ հարցեր. ո՞վ է Ձեր ամենասիրելի շախմատիստը:

 -Կարպովը: Ինձ համար նա յուրահատուկ շախմատիստ է, ֆանտաստիկ կարողության տեր:

-Որն է սիրելի ֆիլմը և  գիրքը:

 -Շատ են, սիրում եմ կոմեդիաներ նայել: Իսկ գիրքը… միշտ ֆանտաստիկ գրականություն եմ կարդացել: Եվ սիրել եմ Ջեկ Լոնդոնին:

-Երևանում  սիրելի վայր ունե՞ք:

-Ոչ, Երևանում շատ չեմ լինում: Ինձ ավելի հաճախ կտեսնեք Սևանի լեռներում:

 

 Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Արթուր Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am