Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ներկայացվել է 2023 թվականին Կենտրոնական բանկի ծախսերի հաշվետվությունը

Ներկայացվել է 2023 թվականին Կենտրոնական բանկի ծախսերի հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի կատարողականի 90 տոկոսը եղել են աշխատակազմի պահպանման ծախսերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 13-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2023 թվականին ՀՀ ԿԲ վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը՝ հայտարարեց կառույցի ղեկավար Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ ՀՀ ԿԲ մասին ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական ծախսերն ընդգրկում են աշխատակազմի պահպանման, լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման, տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման և ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը, ինչպես նաև չնախատեսված ծախսեր:

«2023 թվականի ՀՀ ԿԲ վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 8.6 մլրդ դրամ կամ 85 տոկոս: 2023 թվականի վարչական ծախսերի կատարողականի 90 տոկոսը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որոնց կատարողականը մոտավորապես եղել է 86 տոկոս»,- նշեց նա:

Մարտին Գալստյանը ուշադրություն հրավիրեց մեկ հանգամանքի. «Հարկ է նշել, որ ԿԲ մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ԿԲ աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է համապատասխանի ՀՀ առևտրային բանկային համակարգի միջին աշխատավարձին: Այդ երկու մեծությունների ճեղքվածքը վերջին տարիներին տատանվել է 15-29 տոկոսի շրջանակներում, ինչը 2023 թվականին կազմել է 22 տոկոս: Դա հանգեցրել է առավելապես փորձառու աշխատակիցների որոշակի բարձր հոսունությանը: 2018-20 թվականներին ԿԲ-ից ազատված աշխատողների թիվը կազմել է 54, իսկ 2021-23-ին՝ 101: Այսինքն, ԿԲ աշխատակիցների մոտավորապես 15 տոկոսը աշխատանքից դուրս է եկել: Սույն հանգամանքը նաև իր ազդեցությունն է ունեցել անձնակազմի գործուղում, ուսուցում և վերապատրաստում հոդվածով ծախսի վրա, որովհետև նոր ընդունած աշխատողների համար պետք է ավելի շատ կրթական ծախսեր իրականացնես: Դրա արդյունքում, նախորդ տարիների համեմատ 73 մլն դրամով ավել գումար ենք ծախսել գործուղումների և ուսուցումների համար: Ապարատի պահպանման ծախս կազմող մնացած հոդվածների գծով 2023 թվականի կատարողականում հիմնականում գրանցվել է նվազման կիտում՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ»:

Նշվեց, որ 2023 թվականին կապիտալ ներդրումների մասով ԿԲ կատարողականը կազմել է 1 մլրդ դրամ: Ռազմավարական նոր նախագծեր չեն նախատեսվել, սակայն իրականացման կարևորագույն փուլերում են գտնվում 2022 թվականից մեկնարկած որոշ ծրագրեր: 2023 թվականին նախատեսված կապիտալ ներդրումների հիմնական մասն ուղղված է եղել ԿԲ ենթակառուցվածքների ընթացիկ պահպանմանը և մաշվածների փոխարինմանը:

«2023-ին իրականացվել են ԿԲ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանը միտված արևային պանելների տեղադրման նախագծի աշխատանքները, որոնց գծով կատարողականը կազմել է 72 մլն դրամ: Այդ նախագիծը շարունակվելու է մինչև 2024 թվականի վերջ»,- նշեց Մարտին Գալստյանը:

Նա տեղեկացրեց, որ 2023-ին ձեռք է բերել 6 էլեկտրական ավտոմեքենա, նույն տարվա վերջին ԿԲ-ում առկա էր արդեն 13 էլեկտրական ավտոմեքենա:

Ընդգծվեց, որ 2023-ին իրականացվել են նաև ԿԲ վարչական շենքի էլեկտրասնուցման և օդափոխության համակարգի կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականի մնացած մասը կազմել են այլ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվների ձեռքբերմանն ուղղված ներդրումները: Մասնավորապես, ձեռք են բերվել համակարգչային տեխնիկա և հարակից սարքավորումներ, ցանցային սարքավորումներ, ծրագրեր, անվտանգության ապահովման գծով հիմնական միջոցներ, գրասենյակային գույք և այլն:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am