Հասարակական

Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին

4 րոպեի ընթերցում

Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փորձարկվող նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2014 թ.-ի վերջին: Էլեկտրոնային նոտարի համակարգի գործարկմամբ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվեն փաստաթղթեր կեղծելու հնարավորությունն ու փաստաթղթային քաշքշուկները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ համակարգի գործարկման դեպքում հնարա­վոր կլինի ստեղծել ընթացակարգերի ավտոմատացման միջավայր, որտեղ նոտարական գործողությունների բոլոր փուլերը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով:

«Էլեկտրոնային նոտարի համակարգի ամբողջական ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից»,- ասաց Օրբելյանը:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կստեղծվի նաև նոտարիատի բնագավառում որոշ հանրային ծառայությունների մատուցման «մեկ պատուհանի» ներդրման համար: «Նշվածի արդյունքում կկրճատվեն նոտարական վավերացման ժամկետները, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվի փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը, կպարզեցվեն ժառանգության գործերի վարման ընթացակարգերը, իրական ժամանակում հասանելի կլինի վիճակագրական տեղեկատվությունը և այլն: Որպես վերջնական և երկարաժամկետ արդյունք՝ ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը:

Էլեկտրոնային նոտարի համակարգի ծրագրային մասը պատրաստվել է ամբողջությամբ և գտնվում է ակտիվ փորձարկման փուլում: Մի շարք նոտարական գրասենյակներում այն կիրառվում է փորձնական ռեժիմով. միաժամանակ հիմնական գործընթացը շարունակում է կատարվել թղթային տարբերակով: Համակարգի վերջնական և ամբողջ ծավալով գործարկման համար, փոխնախարարի խոսքով, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև որոշակի տեխնիկական փոփոխություններ այլ էլեկտրոնային կառավարման համակարգերում՝ կադաստր, անձնագրային բաժին, ավտոմեքենաների ռեգիստր և այլն: «Օրենքի փոփոխությունների նախագիծը հիմա լրամշակման փուլում է, իսկ համակարգերի տեխնիկական համակցումը իրականացվում է փորձարկմանը զուգահեռ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այժմ համակարգը փորձարկվում է մոտ տասը նոտարական գրասենյակում: «Նոտարական պալատի հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ 2014 թվականի փետրվարի 3-ից համակարգը լիազորագրերի մասով կփորձարկվի բոլոր նոտարական գրասենյակներում և փորձարկումների ծավալը (գործարքների մասով) կավելանա յուրաքանչյուր ամիս»,- ասաց Օրբելյանը:

2012 թվականին Արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգը՝ արժանանալով հավանության: Հայեցակարգի համաձայն՝ էլեկտրոնային համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շուրջ 250 հազար եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում