Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայկական Armphone սմարթֆոնների վաճառքի մեծածախ գինը կկազմի մոտ 200 դոլար

Հայկական Armphone սմարթֆոնների վաճառքի մեծածախ գինը կկազմի մոտ 200 դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության Armphone հեռախոսների (սմարթֆոն) վաճառքի մեծածախ նախնական գինը կլինի շուրջ 80 հազար դրամ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց մշակող և արտադրությունը կազմակերպող Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերության նախագահ Վահան Շաքարյանը: «Մեկ ունենք ընդամենը մեկ հատ փորձնական հավաքված հեռախոս: Մեր մոտավոր հաշվարկներով դրա գինը կլինի 185-ից 200 դոլար»,- նշեց Շաքարյանը՝ հավելելով, որ դեռ դրա գինը հստակ որոշված չէ: Ընկերության նախագահն ասաց, որ «Armphone» անվանումը նախնական է և չի բացառվում, որ հետագայում այն կփոխվի: Շաքարյանը տեղեկացրեց, որ համացանցում այդ հեռախոսի հետ կապված հնչում են տարբեր առաջարկներ՝ այդ թվում դրա վրա կծած ծիրանի նշան տեղադրելու մասին: Շաքարյանը նշեց, որ իրենք պատրաստ են կյանքի կոչել սմարթֆոնների վերաբերյալ լավ առաջարկները:

Ընկերության տնօրենը ներկայացրեց սմարթֆոնի տեխնիկական որոշ տվյալներ:

Հետնամասի ֆոտոխցիկի լուծաչափը 8 մեգապիքսել է, առջևինը՝ 1.3: Պատրաստի նմուշի գույնը սպիտակ է, սակայն այլ գույների հնարավորություններ նույնպես կան: Armphone-ի էկրանը IPS-է, չափը՝ 5.5 դյույմ`1280*720 կետայնությամբ: Պրոցեսորի հզորությունը 1.2 գիգահերց է, ունի 4 միջուկ: Օպերատիվ հիշողությունը 1 գիգաբայթ է, չիպինը՝ 4 գիգաբայթ: «Ունի MicroSD քարտի տեղ և հիշողությունը մինչև 32 գիգաբայթ ավելացնելու հնարավորություն»,- ասաց Շաքարյանը: Նրա դիտարկմամբ՝ Armphone-նն իր հնարավորություններով ավելի մոտ է Samsung հեռախոսներին, քան iPhone-ներին: «Նույնիսկ որոշ պարամետրերով Armphone-ը գերազանցում է Samsung-ներին՝ օրինակ ֆոտոխցիկի հզորությամբ»,- նկատեց ընկերության նախագահը:

Հեռախոսն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով:

Հեռախոսի վաճառքի շուկաներ են դիտարկվում մոտակա արտասահմանյան երկրները՝ այդ թվում ԱՊՀ: «Այստեղ արտադրությունը կազմակերպելու հիմնական նպատակն այն է, որ մեր խելացի երիտասարդությունն աշխատանք ունենա և չթողնի Հայաստանից գնա: Երկրորդ նպատակը՝ մոտակա արտասահմանյան երկրներում շուկայի ապահովումն է, որպեսզի ծախսերը քիչ լինեն, եկամուտը շատ մնա և մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան»,- ասաց Շաքարյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի դեկտեմբերի 6-ի նիստն անցել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ:

Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին պլանշետների արտադրությունը: Ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արդեն արտադրության համար նախապատրաստվել են «Անդրոիդ» համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1  դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ «Արմֆոն» (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Armtab պլանշետների վաճառքի մեծածախ գինը կտատանվի 225-ից 280 դոլարի սահմաններում

Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014թ.-ի հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am