1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ականատեսը». Կարսը թողած, Կարսի այգին... 101-այմա Անդրանիկ պապը գաղթի ճանապարհի ու չիրականացած երազանքի մասին

«Ականատեսը». Կարսը թողած, Կարսի այգին... 101-այմա Անդրանիկ պապը գաղթի 
ճանապարհի ու չիրականացած երազանքի մասին

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ներկայացնում է այդ ոճրագործությունների կենդանի վկաների` վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 101-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանի մասին է:

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սարի թաղում գտնվող համեստ տանը հեռուստատեսությամբ լուրերի ոչ մի թողարկում բաց չեն թողնում` ակնկալիքով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւս մեկ լուր կհաղորդեն: Հեռուստացույցի առաջ կրկին Անդրանիկ պապն է, ով իր հիշողություններում սրբորեն պահում է 95 տարի առաջ գաղթի ճանապարհը բռնած կարսեցի իր ընտանիքի պատմությունը: 101-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանը Երեւանում բնակվող ամենատարեց վերապրածներից է: «Ես վեց տարեկան էի, երբ իմ ընտանիքը 1918 թվականին կարողացավ գաղթել Բաթում: Շատ բան չեմ հիշում, սակայն հետագայում մորիցս եմ լսել մեր ընտանիքի պատմության մանրամասները»,- պատմում է Անդրանիկը: 

Պատմական տեղեկանք

Կարսը (կոչվել է նաեւ Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս եւ այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում:  1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Այժմ (2010 թ.) այն 65 հազար բնակիչ (հիմնականում՝ քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը: Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Հայտնի էին նաեւ հայկական Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Սբ Մարիամ, Սբ Առաքելոց, ինչպես եւ Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սբ Գևորգ հունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշեն 3 կամուրջները և այլ շինություններ:

Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը: 


Փախչում էինք ու չգիտեինք, թե ուր

«Մենք չգիտեինք, թե ուր ենք գնում, բայց գիտեինք, որ եթե չփախչեինք, թուրքերը պարզապես կսպանեին մեզ: Շատ ծնողեր, ովքեր այլեւս չէին կարողանում իրենց երեխաներին գրկած գնալ, նախընտրում էին երեխաներին գցել գետը` վստահ լինելով, որ եթե անգամ իրենք մահանան, երեխաները կկարողանան կենդանի մնալ` այդ կերպ փրկվելով»,- հիշում է ցեղասպանության ականատեսը` հավելելով, որ երեք եղբայրներից ինքը միակն էր, ում ծնողների հետ միասին հաջողվեց կենդանի մնալ: Անդրանիկը պատմում է, որ գաղթի ճանապարհին հայերը ներկայանում էին որպես քրդեր եւ ողջ ճանապարհի ընթացքում չէին խոսում` թուրքերի առաջ իրենց ծագումը չբացահայտելու համար:

Նա լավ է հիշում, թե ինչպես իր հայրը ծածկում էր մոր դեմքը վարսերով, որպեսի թուրքերը նրան չնկատեն եւ չտանեն իրենց հետ: Կարսում սպանվել են Անդրանիկի քեռիները, տատիկն ու պապիկը: «Փախստականները գնում էին անդադար, առանց հանգստի, միայն մի քանի օրը մեկ կարող էին հանգստանալ ծառերի տակ: Ճանապարհին մենք կորցրինք շատ բարեկամների, հարեւանների: Շուրջ մեկ ամիս տարբեր վայրերում կանգ առնելուց հետո հասանք Բաթում, որտեղ կային զինվորական կազարմաներ, ուր տեղավորում էին փախստականներին: Շատերը դրանից հետո ճանապարհ բռնեցին դեպի Անգլիա, մենք մնացինք Բաթումում»,- ավելացնում է Անդրանիկը:


 Պատմական տեղեկանք

1900-ական թթ. սկզբին ավելացել է գաղթը դեպի Բաթում, Սուխում եւ Կովկասի այլ քաղաքներ: Ընդհանուր առմամբ, XIX դ. վերջին եւ XX դ. սկզբին Արեւմտյան Հայաստանից եւ Թուրքիայի հայաբնակ շրջաններից Ռուսաստան, Պարսկաստան, Բալկանյան երկրներ, Ֆրանսիա, Անգլիա, Ամերիկա են գաղթել մոտ 290 հազար հայեր: Գաղթականների մեծ մասը հայտնվել է թշվառ ու անօգնական վիճակում, առանց գոյության միջոցների:

Կարսը տեսնելը` չիրականացած երազանք

1928 թվականին Մաթեւոսյանների ընտանիքը ուղեւորվում է Ռուսաստան` բնակություն հաստատելով Մայկոպ քաղաքում: «Երբ մեկնեցինք Ռուսաստան, արդեն խելքս այսպես ասած կտրում էր, որոշ ժամանակ անց ամուսնացա Սիրանուշ անունով աղջկա հետ, երեխաներ ունեցա: Մի քանի տարի անց` 1936 թվականին, եկանք Հայաստան»,- նշում է պատմության հերոսը: Նա կրթություն չի ստացել, ողջ կյանքում աշխատել է որպես բանվոր ճանապարհաշինության ոլորտում` գործուղվելով Գորիս, Ախալքալաք, Էջմիածին:


Տարիներ անց Կարսը վերհիշելիս Անդրանիկը մեծ ոգեւորությամբ է պատմում ծնողների` հողագործությամբ զբաղվող Արտեմի եւ Սիրանուշի` Կարսում թողած տան, անասունների մասին: «Իհարկե, սիրտս ուզում է գնալ այնտեղ, ուզում է, որ մեր հողերը վերադարձնեն, բայց արդեն ուր գնամ, ինչպե՞ս գնամ»,- ասում է Անդրանիկը` նշելով, որ Կարսը տեսնելն այս տարիքում երազանքի նման մի բան է, որն այլեւս չի իրականանա: «Մարդը հույսով է ապրում, հուսանք, որ մի լավ բան կլինի»,- ասում է նա` ավելացնելով, որ թուրքերին չի վստահում: 

Անդրանիկ Մաթեւոսյանն իր օրինակով շտապում է վկայել, որ անցած 101 տարիները լոկ իր կենսաբանական տարիքն են խորհրդանշում, պապն անգամ այս տարիքում շուկա է գնում, զբոսնում, զբաղվում կենցաղային գործերով: Նա ապրում է տանը, որը սեփական ձեռքերով է կառուցել, նրան բոլորն են ճանաչում եւ հարգում: Անդրանիկ պապն ունի յոթ երեխա. նրա թոռներով, ծոռներով, կոռներով եւ հարսներով ընտանիքի անդամների ընդհանուր թիվը գերազանցում է 70-ը:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]