Մշակույթ

Ամերիկաբնակ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանը ստեղծագործելու համար Հայաստանի հողից է ուժ ստանում

3 րոպեի ընթերցում

Ամերիկաբնակ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանը ստեղծագործելու համար Հայաստանի հողից է ուժ ստանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ հանրահայտկոմպոզիտոր եւ դիրիժոր Հենրիկ Անասյանի 75-ամյակին նվիրված «Ափ մը հող» խորագրով միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում կոմպոզիտորը նշեց, որ Հայաստանն իր համար նոր թռիչքի եւ նոր արարումների հիմնական աղբյուր է:«Ես Հայաստանի հողից եւ ժողովրդից եմ ուժ հավաքում ստեղծագործելու համար: Հայաստան գալով ցանկանում եմ նոր ասելիքով հանդես գալ եւ փոքր ներդրում ունենալ մեր մշակույթի զարգացման մեջ»,- ասաց Անասյանը:Կոմպոզիտորը Հայաստան է գալիս «վերանորոգվելու» համար.Հայաստանը նրա համար աղոթք է: «Հայաստանը յուրաքանչյուր հայի բնօրրանն է, իսկ Սփյուռքը` պարզապես բնակության վայր»,- նշեց կոմպոզիտորը: Նա երջանիկ է, որ հայրենիքում է տոնվելու իր հոբելյանը:

«Անասյանը շնորհալի եւ համեստ մարդ է, ով ոչ միայն բազմաթիվ ստեղծագործությունների եւ գործիքային երգերի հեղինակ է, այլեւ դիրիժոր, ինչպես նաեւ գրող, հրապարակախոս»,- ավագ գործընկերոջն է ներկայացնում երգահան Արա Գեւորգյանը: Նա մեծարման արժանի է համարում այն ստեղագործող անհատներին, ում հաջողվել է արտերկրում պահպանել եւ քարոզել հայկական մշակույթը եւ որպես ասածի վառ օրինակ` Գեւորգյանը վկայակոչում է Անասյանի հիմնադրած «Սիփան» երգչախումբը:

Անդրադառնալով հայաստանյան մշակութային կյանքին` Անասյանը նկատեց, որ չնայած լուրջ ձեռքբերումների, կան նաեւ որոշակի բացթողումներ:«Իմ մտահոգություններն այն են, որ հետխորհրդային ժամանակահատվածում երկնակամարում փայլող «աստղեր»-ը շատ են»,- ասաց նա: Համեմատականներ տանելով խորհրդային ժամանակների հետ` կոմպոզիտորն ընդգծեց, որ այն տարիներին գործող գեղարվեստական խորհրդի առկայությունը կանխում էր «ում պատահի» եթերում հայտնվելը:

«Ափ մը հող» համերգային ծրագիրն իրականացվում է Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախումբը, «Սիփան» երգչախմբի մի մասը , ինչպես նաեւ երգիչներ Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը եւ օպերային թատրոնի մեներգչուհի Աննա Մկրտչյանը: Հենրիկ Անասյանի«Դուդուկի կոնցերտ»-ի մենակատարն է Գեւորգ Դաբաղյանը:

Երեւանում ծնված կոմպոզիտորն արդեն 35 տարի է բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա շուրջ 55 տարի ստեղծագործական գործունեություն է ծավալում: Հենրիկ Անասյանի հեղինակած «Այս ես եմ..» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Հայաստանի Գրողների միությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում