Լեզվի տեսչության վերահսկմամբ Երեւանում վերանում են օտարալեզու ցուցանակները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչության կողմից ընթացիկ տարում հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերել են տնտեսվարող սուբյեկտների ցուցանակների` ոչ հայալեզու լինելուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լեզվի տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը նշեց, որ խախտումներ են հայտնաբերվել «Տատյանա» եւ «Ս.ա.լ.կ.ա.լ.» ՍՊԸ-ների, Հաբիբ Կաջաջյան ԱՁ-ի, Հայաստանում «Մոնո» բրենդը ներկայացնող «Վիլա դե տորտա» ընկերության, «Մկրտչյան եւ Բաբայան» ՍՊԸ-ի, «Կիվերա Նայնոմիս»-ի, Էդսպո-ի Beko, «Լենդ-Գեյմ» ՍՊԸ-ի ցուցանակներում. բոլոր ընկերությունների ցուցանակներն օտարալեզու են, հիմնականում` անգլերեն:
Կազմակերպություններից մի քանիսի հարցով վարչական վարույթ է ընդունվել վարչական դատարան, հինգի գործը քննվում է: Հովյանը նկատեց, որ տեսչության կողմից իրականացվող վերահսկողությունը, այնուամենայնիվ, նշանակություն ունի: «Պուպո» խանութն արդեն ուղղել է իր սխալը. նախկինում ապակե ցուցանակի վրա հայատառ էր գրված, մինչդեռ խանութի վերեւում` ավելի տեսանելի հատվածում, անգլերեն: Տեսչության պետի տեղակալը նշեց, որ խախտումների դեպքում տուգանքի չափը տարբեր է. այն սկսվում է 250 000 դրամից: Տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է: