Սրտի վիրահատությունը ներառված է սոցիալական ապահովագրության բազային փաթեթում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2012 թվականի առաջին կիսամյակում վիրահատության ամենաթանկ տեսակներից մեկի` սրտի վիրահատության է ենթարկվել 345 քաղաքացի. 72 վիրահատություն կատարվել է 0-18 տարեկան անչափահասների շրջանում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության ՊԱԳ-ի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հայաստան Հակոբյանը նշեց, որ ՀՀ կառավարության «Սոցիալական փաթեթի բովանդակություն, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը եւ չափորոշիչները հաստատելու մասին» 2011 թվականի որոշման համաձայն` սոցիալական ապահովագրության բազային փաթեթում ներառված է նաեւ սրտի վիրահատական միջամտությունների իրականացումը:
«Սրտի վիրահատություններին դիմելիության նվազման կամ աճի մասին ուղղակի խոսել հնարավոր չէ, քանի որ չկա համապատասխան տեղեկություն ամբողջությամբ վճարովի սկզբունքով բուժված ապահովագրական ընկերությունների փոխհատուցված դեպքերի մասին»,- ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` մեծահասակների համար սրտի վիրաբուժության համար հաստատված 365 հազար դրամը` վիրահատական միջամտության պետական մասնակցությունն է:
ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի թիվ 162-Ա հրամանի համաձայն` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում սրտի վիրահատության գները` կախված վիրահատության տեսակից, սկսվում են 263,500 հազար դրամից (սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա/ռեիմպլանտացիա SR միախոռոչանի սարքերով` 4-5 տարի ծառայության ժամկետով)` հասնելով 2,400,000 (ստենտավորում դեղապատված մեկ ստենտով եւ դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով) դրամի: Երեխաների դեպքում սրտի վիրահատական ծառայությունները տատանվում են 500.000-ից 1.800.000-ի միջակայքում:
2011 թվականի ընթացքում սրտի վիրահատությունների թիվը հանրապետությունում կազմել է 545, որից 0-18 տարեկան անձիք 166-ն են: