ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեցին ՀՀ ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և պոլիկլինիկան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Երևանում բացվեց ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և ԱԻՆ պոլիկլինիկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ բացման արարողություններին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և այլք:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Երիցյանը՝ նորակառույց հրշեջ մասն սպասարկելու է Նորք-մարաշ և Կենտրոն վարչական շրջանները: Չորսհարկանի շենքի երրորդ հարկում տեղակայվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժինը: «Նոր շենքային պայմանները հնարավորություն կտա փրկարարներին ավելի բարձր մակարդակով կատարել իրենց պարտականությունները և լիարժեք օգտագործել իրենց ունակությունները»,- ասաց նախարարը:
Շենքի բակում կառուցվել է նոր հիդրանտ, հրշեջ մասն ապահովված է 16 և 15 տոննա տարողությամբ ստորգետնյա երկու ջրավազաններով: Շենքում կա նաև մարզադահլիճ, կաթսայատուն, բաղնիք, խոհանոց, ճաշարան և հանգստի սենյակներ: Այստեղ ծառայություն են իրականացնելու մեկ ավտոսանդուղք և տարբեր ջրատարողության երեք հրշեջ ավտոմեքենա:
Արմեն Երիցյանի խոսքով՝ ԱԻՆ պոլիկլինիկայի նպատակը նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն է: Պոլիկլինիկայում կիրականացվի նաև փրկարար ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն և ամենամյա բուժկանխարգելիչ հետազոտություն:
Նախարարությանը կից մասնաշենքի առաջին հարկն ամբողջությամբ հատկացվել է պոլիկլինիկային: Այն հիմնովին վերանորոգվել է ու կահավորվել համապատասխան սարքավորումներով: Պոլիկլինիկան կունենա նաև շտապօգնության երկու ավտոմեքենա:
«Աղետների և ռազմական դրության ժամանակ ստացիոնար պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվի դաշտային հոսպիտալ՝ փրկարարներին ու տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- ասաց Արմեն Երիցյանը:
Պոլիկլինիակում կգործեն վիրաբուժական, թերապևտիկ, աչքի, նյարդաբանական, ատամնաբուժական, սոնոգրաֆիկ, սրտաբանական սենյակներ, վիրակապարան, կլինիկական և բիոքիմիական լաբորատորիաներ: Կա նաև դեղատուն, երկու մահճակալով ստացիոնար հիվանդասենյակ և առաջին բուժօգնության լսարան, որտեղ դասընթացներ են անցկացվելու պարամեդիկների և ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար: Ապագայում նախատեսվում է կառուցել նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական կենտրոն: