Քաղաքականություն

Հայաստանի ստեղծագործական միությունները հանդես են եկել համատեղ քաղաքական հայտարարությամբ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ստեղծագործական միությունները հանդես են եկել համատեղ քաղաքական հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի յոթ ստեղծագործական միություններ հանդես են եկել համատեղ հայտարարաությամբ:«Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ ասվում է. «Վերջին մի քանի օրերի աննախադեպ իրադարձությունները՝ ոճրագործ Ռ. Սա‎ֆարովի փաստացի արդարացումն ու խրախուսանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից, որ տեղի ունեցավ հունգարական իշխանությունների ակնհայտ մեղսակցությամբ, մոտեցրել են մեզ մի սահմանագծի, որը կարելի է անվանել Ճշմարտության պահ։

Նախ և առաջ այդ պահը բնութագրում է Ադրբեջանին՝ 1988-ի սումգայիթյան եղեռնագործությունից մինչև այսօր, որպես մի պետության, որի քաղաքակրթական նկարագիրը... կացինն է։ Ողջամիտ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով ղարաբաղյան հարցի կարգավորմանը հասնելու, այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունների և այլ երկրների գործադրած ջանքերը գալիս-բախվում են այդ կացնային փակուղուն:

Հաջորդը, որ դարձյալ վերաբերում է Ճշմարտության պահին, միջազգային քաղաքական հանրության՝ մինչ այժմ որդեգրած «հավասարակշիռ դիրքորոշումն» է, որի սկզբունքային փոփոխությու՛նը միայն կարող է դուրս բերել մեր տարածաշրջանը փակուղուց։

Այդպիսի փոփոխության անհրաժեշտությունը հասունացել է։ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակող ձևակերպումների, պետք է ճանաչվի ու երաշխավորվի այդ հանրության անդամների կողմից։ Երկակի ստանդարտների քաղաքականությունը ոչ միայն նորանոր հանցագործությունների ու սադրանքների է մղելու Ադրբեջանին, այլև շարունակելու է հիասթափեցնել մեր ժողովրդին՝ անվստահության սերմեր ցանելով միջազգային կառույցների և գործընկեր պետությունների հետ նրա հարաբերություններում։

Մինչդեռ նույնիսկ փակ աչքերով ապրող մարդկանց համար տեսանելի է, որ Արցախի ժողովուրդը չի կարող «ինքնավարվել» հայասպանությունը քաջալերող պետության կազմում։ Ժամանակն է մինչև վերջ ձերբազատվել ստալինյան ծանր ժառանգությունից, ընդունելով իր ազատությունն ու ժողովրդավարական ճանապարհը կառուցող ԼՂՀ սուվերեն գոյությունը՝ արմատական վերափոխությունների ենթարկված մեր աշխարհում։

Այսպիսի արդարացի դիրքորոշման համատեքստում մենք գնահատանքի խոսք ենք հղում բոլոր այն երկրներին, գործիչներին ու մտավորականներին, ում քաղաքական և մարդկային խիղճը առանց հապաղումների արձագանքեց օրերս տեղի ունեցած աններելի իրադարձություններին։

Հայաստանի ստեղծագործական միությունները, վճռական և պատասխանատու քայլեր պահանջող այս իրավիճակում զորակցելով ՀՀ նախագահի գործողություններին, ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները հետամուտ կլինեն ԼՂՀ անկախության ճանաչմանը։

Այս հանգրվանում մեր ժողովրդին անհրաժեշտ համախմբվածության հրամայականը նկատի ունենալով՝ հույս ենք հայտնում, որ ազգային-հասարակական կյանքը ձևավորող բոլոր ուժերը կկարողանան վեր կանգնել ներքաղաքական տարաձայնություններից՝ ի նպաստ մեր կենսական շահերի»։

Հայտարարության տակ ստորագրել են Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում