Հասարակական

ԱԻՆ-ը կունենա սեփական պոլիկլինիկան

2 րոպեի ընթերցում

 ԱԻՆ-ը կունենա սեփական պոլիկլինիկան

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կունենա սեփական պոլիկլինիկան, որի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին։ Պոլիկլինիկայի նպատակը նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարությունից, պոլիկլինիկայում կիրականացվի նաեւ փրկարար ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն եւ ամենամյա բուժկանխարգելիչ հետազոտություն։ Նախարարության շենքին հարակից մասնաշենքի առաջին հարկն ամբողջությամբ հատկացվել է պոլիկլինիկային։ Այն հիմնովին վերանորոգվել է ու կահավորվել համապատասխան սարքավորումներով։ Պոլիկլինիկան կունենա նաեւ շտապօգնության 2 ավտոմեքենա։ Աղետների ու ռազմական դրության ժամանակ ստացիոնար պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվի դաշտային հոսպիտալ` փրկարարներին եւ տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ ԱԻՆ պոլիկլինիկայում կգործեն վիրաբուժական, թերապեւտիկ, աչքի, նյարդաբանական, ատամնաբուժական, սոնոգրաֆիկ, սրտաբանական սենյակներ, վիրակապարան, կլինիկական եւ բիոքիմիական լաբորատորիաներ։ Կա նաեւ դեղատուն, 2 մահճակալով ստացիոնար հիվանդասենյակ եւ առաջին բուժօգնության լսարան, որտեղ դասընթացներ են անցկացվելու պարամեդիկների եւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար։ Ապագայում նախատեսվում է կառուցել նաեւ ֆիզիոթերապեւտիկ եւ վերականգնողական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում