Հասարակական

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր զավակներին ուղեկցել է դպրոց

2 րոպեի ընթերցում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր զավակներին ուղեկցել է դպրոց

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կնոջ և երեխաների հետ այցելել է Երևանի թիվ 177 դպրոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից' սեպտեմբերմեկյան հանդիսավոր տողանի շարված աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ ուսման մեջ.

«Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներին դպրոց ուղեկցելը, իմ կարծիքով, ոչ միայն լավ ավանդույթ է, այլ նաև հրաշալի առիթ թեկուզ կարճ ժամանակով դպրոցական տարիները վերհիշելու համար: Իսկ այն, որ մեզ համար դպրոցը եղել է հարազատ տան նման, վստահ եմ, համաձայն եք բոլորդ: Ու հենց այս զգացումն է, որ առաջին հերթին կուզեի մենք' ծնողներս, փոխանցեինք մեր երեխաներին, ինչը, հաստա՛տ, շատ մեծ նշանակություն կունենա ուսման հանդեպ նրանց վերաբերմունքի հարցում:

Լավ կրթություն և հայեցի դաստիարակություն ստացած սերունդն է ապահովելու մեր երկրի ապագան։ Մեր վաղվա օրը հենց այս երեխաների ձեռքերով է կերտվելու և նրանք են շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը։ Հենց այս վստահությամբ էլ եկեք շնորհավորենք բոլորիս Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ ու բարի երթ և ուսման մեջ նորանոր հաջողություններ մաղթենք մեր երեխաներին»,-նշել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է դպրոցի բոլոր առաջին դասարաններով, զրուցել փոքրիկների հետ: Երեխաները քաղաքապետին խոստացել են լավ սովորել և դառնալ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ:

Տարոն Մարգարյանը շրջել է նաև դպրոցի այլ դասասենյակներով, ծանոթացել շենքային պայմաններին: Նա մեկ անգամ ևս վստահեցրել է ծնողներին ու ուսուցիչներին, որ ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը լինելու է շարունակական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում