Հասարակական

Արմեն Աշոտյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին Գիտելիքի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին Գիտելիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին եւ հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին»,- ասել է Աշոտյանը:

ԿԳ նախարարը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է բոլոր ուսանողներին, կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին` ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր եւ եռանդ, որովհետեւ նրանց ամենօրյա եւ հետեւողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի` մարդկային ռեսուրսի զարգացումը:

«Սեպտեմբերի մեկը նշվում է նաեւ որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժեւորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես եւ նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերարժեւորման տարի»,- նշել է ԿԳ նախարարը: Նա մաղթել է նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ եւ նվաճումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում