Ադրբեջանական հերթական անմարդկային քայլը դատապարտում են ՀՀ քաղաքական եւ հասարակական գործիչները. մեկնաբանություններ Facebook-ից
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորՍամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում բողոք է արտահայտել Իլհամ Ալիևի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀԿ պատգամավորը նշել է, որ «մենք, որպես ժողովուրդ ու պետություն, պարտավոր ենք ցուցաբերել սառնասրտություն և գնալ թիրախավորված առավելագույն արդյունքին հասնելու ճանապարհով»: «Հայատյացությունը որպես երկրի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակած ու մարդասպաններին հերոսացնելու բացառիկ տաղանդ ունեցող Իլհամ Ալիևն իր այս քայլով իրեն հակադրում է արդեն ոչ միայն միջազգային իրավունքին, այլև առողջ բանականությանը և քաղաքակրթության զարգացման հիմքում ընկած հումանիզմի տարրական սկզբունքներին»,-նշված էր մեկնաբանության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան պատին գրառում է կատարել, որ Ադրբեջանի ինքնահռչակ խանի արարքը՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում ու ազատություն շնորհելը, մի ուղերձ ունի սեփական հասարակությանը` ինչքան կարող եք հայ սպանեք, ես տեր եմ, փողով ու նավթով կազատեմ:
«Սա հատուկ ընդգծում եմ մեր «պացիֆիստ» քաղաքացիների ու քաղաքական ուժերի համար, ովքեր հանուն Ադրբեջանից «խաղաղություն գնելու» նպատակի՝ Ացախի հաշվին տարածքային զիջումներին այլնտրանք չեն տեսնում կամ մտածում են այս կացնավոր վայրենիների հետ հարեւանություն անելու մասին:Իր քայլով Ադրբեջանի պուճուր խանը բացահայտ խրախուսում է ոչ միայն հայատյացությունը, այլեւ հայասպանությունը, այսինքն՝ իրեն բացառիկ դրսեւորում է ֆաշիզմի դաշտում»,-նշվել էր մեկնաբանության մեջ:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել է շատ չբորբոքվել եւ Ալիեւի վրա էմոցիաներ չծախսել: «Բնականաբար, պարտվելով ռազմի դաշտում, նրանք պետք է խրախուսեն մարդասպանությունը` ինչ-որ ձեւով ժողովրդի ոգին բարձրացնելու համար: Դա Ադրբեջանի ղեկավարության եւ հասարակության խնդիրն է»,-ասել է նա:
Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը նշել է. «Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը հետո գնալու է Բաքու... Այ, այդ առիթը պետք է օգտագործել բողոքը միջազգային հանրությանը հասցնելու համար... Չէ որ սպանությունը կատարվել է հենց ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ...»:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Արթուր Սարուխանյանը, Ադրբեջանի այս քայլին որպես պատասխան, իր էջում պարզապես տեղադրել է հղում դեպի «ԱՍԱԼԱ»-ի էջ: