Բողոքի ակցիայի մասնակիցները լոլիկներով Հունգարիայի հյուպատոսարանի առջեւ են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հունգարիայի հյուպատոսարանի մոտ հավաքված են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եւ մի խումբ ակտիվիստներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ժամը 18:00-ին նախատեսվում է բողոքի ակցիա:
Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ եկել են իրենց բողոքի ձայնն ու ամոթանքը հայտնելու Հունգարիայի իշխանություններին: «Բողոքի ակցիայի կազմակերպումը եղել է համպատրաստից` ժամերի ընթացքում:Սա առաջին արձագանքն է մեր կողմից: Այս կերպ մենք փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մի հարցի վրա, որն անթույլատրելի է: Ակնկալում ենք միջազգային հանրության եւ գերտերությունների արձագանքը»,-նշեց Ավագյանը: Նրա խոսքով` կատարվածը ոչ թե հայկական կողմի բացթողումն է, այլ արդյունքը թաքուն ու կեղծ այն գործընթացի, որն իրականացվել է Հունգարիայի եւ Ադրբեջանի կողմից:
Հյուպատոսարանի շենքի մոտ դրված են Գուրգեն Մարգարյանի նկարը, մասնակիցներին բաժանվում են թերթիկներ Մարգարյանի եւ Սաֆարովի նկարներով` «Ամոթ Հունգարիա», «Ոճրագործը կարժանանա իր պատժին» մակագրություններով: Մասնակիցներին բաժանվում են լոլիկներ` Հունգարիայի դրոշին հարվածելու համար:
Բողոքի ակցիային կից` հասարակական կարգը պահպանելու համար տեղում աշխատում են նաեւ ոստիկանները: