Հասարակական

Վլադիմիր Գասպարյանը պահանջել է շուտափույթ կերպով վերացնել ճանապարհային ոստիկանությունում առկա թերությունները

2 րոպեի ընթերցում

 Վլադիմիր Գասպարյանը պահանջել է շուտափույթ կերպով վերացնել ճանապարհային ոստիկանությունում առկա թերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` հանդիպման օրակարգում ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված մի քանի օրվա ստուգումների արդյունքներն են եղել, որոնք մտահոգության տեղիք են տալիս:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է պարեկային անձնակազմերի կողմից ծառայողական կարգապահության, էթիկայի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, տեսագրող եւ արագաչափ սարքերի տեխնիկական վիճակի ու սարքինության, պարեկային մեքենաների տեղաշարժի կարգը պահպանելու եւ մի շարք այլ խնդիրների: Ոստիկանության պետը պահանջել է նաեւ վերանայել օրինազանց վարորդներին տուգանելու կարգը` նկատի ունենալով, որ քաղաքացի-դրամ-ոստիկան հարաբերությունները կոռուպցիոն ռիսկերի դաշտում են եւ վնասում են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդման գործընթացին:

Վերլուծելով թվարկված խախտումների պատճառները` Վլադիմիր Գասպարյանը պահանջել է շուտափույթ վերացնել թերությունները: Ստուգումների արդյունքներով` ծառայողական խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի ճանապարհային ոստիկաններ ենթարկվել են պատասխանատվության` ստացել են տույժեր, զգուշացվել զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, ուղարկվել կադրերի ռեզերվ, ծառայության տեղափոխվել այլ ստորաբաժանումներ: Տույժեր են ստացել նաեւ ստուգման ենթարկված վաշտերի հրամանատարները: Մի շարք խախտումներով ծառայողական քննությունները շարունակվում են:

Ճանապարհային ոստիկանության գործունեության ստուգումները շարունակական են լինելու, եւ հիմնավորվելու դեպքում այդ նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն. հավաստիացրել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, «նպատակը ոլորտի արմատական ու վերջնական բարեփոխմանը հասնելն է, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլեւ հասարակության անվերապահ պահանջն է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում