ՄԻՊ մարզային գրասենյակները պատրաստ են ՏԻՄ ընտրություններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են լինելու արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն։ Մշտապես գործում է նաև շուրջօրյա 116 արագ արձագանքման հեռախոսահամարը, որով քաղաքացիները անվճար կարող են դիմել Պաշտպանի միջամտությանը։Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից:
Չնայած ԵՄ/ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր միայն խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար, սակայն, հաշվի առնելով ծրագիրի հաջողությունը և կուտակած փորձը, ինչպես նաև ունենալով պահանջվելիք ռեսուրսները՝ Պաշտպանի աշխատկազմը պատրաստ է աջակցել քաղաքացիներին նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։
2012թ. մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ընտրություններին աջակցելու լայնածավալ ծրագիրը, որի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակներ հիմնվել են Հայաստանի վեց մարզերում՝ համալրված երեք անձից բաղկացած անձնակազմով։ Հատուկ ընտրությունների օրվա համար ձևավորվել են նաև արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես արձագանքում էին թեժ գծի ահազանգերին: