ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «ԱրմենՏել»-ի ցանցում շարժական կապի խափանումների վերաբերյալ տեղեկությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության ցանցում 2012թ. մայիս-օգոստոսին տեղի ունեցած շարժական կապի խափանումների վերաբերյալ իր պաշտոնական հարցմանն ի պատասխան` ընկերության ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի տեխնիկական խափանումներն ընկերության կապալառուի տեղադրած ծրագրային ապահովման անկատարության հետևանք էին: Ծրագրային ապահովման խափանման պատճառով խախտվել էր կառավարման համակարգերի կայուն աշխատանքը:
Այդ ընթացքում ցանցի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցրել էր նրան, որ պահուստային համակարգերով ցանցի վերականգնումը հնարավոր էր իրականացնել միայն գիշերային ժամերին, երբ ցանցի ծանրաբեռնվածությունը նվազագույնն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերությունը կարճ ժամկետում ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը համապատասխան ծրագրային մոդուլը փոխարինելու համար, ինչպես նաև պատճառած անհարմարությունների համար փոխհատուցեԼ է տուժած բաժանորդներին:
Հանձնաժողովի հանձնարարականով և մեթոդական աջակցությամբ ներկայումս ընկերությունը կատարելագործում է ցանցում խափանումները կանխարգելելու իր քաղաքականությունն ու ընթացակարգերը, և վստահեցնում, որ ձեռնարկված միջոցներն ու իր կապալառուների նկատմամբ առավել խիստ մոտեցումները կբացառեն հետագայում նման խափանումները: