Հասարակական

Հաշմանդամ երեխաների ծնողները տուգանվում են. վարչապետն ընդունել է Պաշտպանի առաջարկը` փոխել օրենքը

2 րոպեի ընթերցում

Հաշմանդամ երեխաների ծնողները տուգանվում են. վարչապետն ընդունել է Պաշտպանի առաջարկը` փոխել օրենքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է լրացումներ կատարել հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխողներին վերաբերող` ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ: Վարչապետն ընդունել էր Պաշտպանի առաջարկը և հանձնարարական տվել՝ կատարել համապատասխան փոփոխությունները։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այս առաջարկ-խնդրանքի համար հիմք էր ծառայել օգոստոսի 21-ին տեղի ունեցած դեպքը, երբ հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանել էր հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ Պաշտպանի մոտ անհատական ընդունելության ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել նաև մանկական պարալիչով տառապող 11-ամյա Անիի մայրը։ Նրա խոսքով` երեխային մեքենայից իջեցնելու համար նույնիսկ կարճաժամկետ կայանելու դեպքում նա մի քանի անգամ տուգանվել է ոստիկանության կողմից։

ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոցների օգտագործման համար արտոնություններ նախատեսող նշանների ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները կամ փոխադրում են նման հաշմանդամների: Այսինքն` կառավարության սույն որոշմամբ սահմանված դրույթով վերոնշյալ արտոնությունները չեն տրամադրվում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին։ Սա լուրջ մտահոգության առիթ է տալիս երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ մեր հասարակությունում կան բազմաթիվ այդպիսի երեխաներ։

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրեր առաջ առաջարկել էր. որպեսզի Կառավարության որոշմամբ հաստատված` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները տարածվեն նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում