Հասարակական

Բյուրականում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց

3 րոպեի ընթերցում

Բյուրականում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-23-ին տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, որը բյուրականյան ամառային դպրոցների շարքում արդեն 4-րդն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական աստղագիտական ընկերությունից, այս անգամ դպրոցն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Դպրոցը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի և Հայկական աստղագիտական ընկերության կողմից: Դասախոսների թվում հրավիրված են Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա): Դպրոցին կմասնակցեն Հայաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 30 ուսանողներ: Դասախոսվող և քննարկվող թեմաներն են լինելու ցամաքային և տիեզերական աստղադիտակները և դիտողական տեխնիկան, համակարգիչները և տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, աստղագիտական կատալոգները, շրջահայությունները, տվյալների շտեմարանները և Վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միջամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությունները, պատմա-աստղագիտությունը և աստղագիտական ժառանգությունը:

Դասախոսություններից բացի մասնակիցների համար կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն ԲԱ աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու Վիկտոր Համաբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման սեպտեմբերի 18-ին կայանալիք արարողությանը և «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով սեպտեմբերի 25-28-ին կայանալիք միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքը սկսվել է 2006թ. և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ դպրոցներին (2006, 2008, 2010 թթ.) մասնակցել են 21 երկրների 100-ից ավելի ուսանողներ: Դասախոսների թվում են եղել այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Դանիել Վիդմանը և Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), Դանիել Կունտը, Միշել Դենեֆելդը և Գարի Մամոնը (Ֆրանսիա), Դիտեր Էնգելսը և Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Մասիմո Տուրատոն (Իտալիա) , Ժան-Պիեր դե Գրեվը (Բելգիա) և այլոք, թվով ընդամենը՝ 26 արտասահմանյան աստղագետներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում