ՀԿԵ ուղեւորատար գնացքներն երթեւեկում են ըստ չվացուցակի
15:39, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր միջազգային և տեղական ուղևորատար գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի տարածքում անբարենպաստ եղանակային պայմաններին: Ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում ստեղծված դժվար պայմանների պատճառով փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների շարժը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, օպերատիվ անցկացրած ձնամաքրման աշխատանքներից հետո միջազգային գնացքների շարժը վերականգնվել է: Փետրվարի 14-ից սկսած ոչ մի միջազգային գնացքի կամ տեղական էլեկտրագնացքի մեկնում չի հետաձգվել: Ընկերությունից հայտնում են նաեւ, որ այն ուղևորներին, ովքեր չէին կարողացել Թբիլիսի հասնել հետաձգված երթեւեկության պատճառով, հնարավորություն է տրվել վերադարձնել տոմսերը՝ վճարված գումարը ստանալով առանց որևէ պահումների: Սակայն ուղևորների մի մասը կարողացել է գնված տոմսերից օգտվել արդեն փետրվարի 14-ին՝ Թբիլիսիի հետ հաղորդակցության վերականգնումից հետո:
ՀԿԵ-ն համայնքային իշխանությունների հետ համատեղ կազմկերպել է կառամատույցների ձնամաքրման աշխատանքները: Ուղևորափոխադրումների տնօրինությունը նամակով դիմել է համայնքների ղեկավարներին, խնդրելով աջակցել կառամատույցների մաքրման աշխատանքներում: Տեղական իշխանությունների բոլոր ղեկավարները արձագանքել են եւ կառամատույցների մի մասը մաքրել ձյունից:
Դիտվել է 83 անգամ

Ֆոտոհոսք
RSS
