Հասարակական

Համապետական ընտրությունների շեմին հայ մտավորականները միավորման կոչ են անում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապետական ընտրությունների շեմին հայ մտավորականները միավորման կոչ են անում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդունելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջարկը` մտավորականների մի խումբ Հայաստանի քաղաքացիներին դիմում է ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով:

«Ձեզանից վանեք ներշնչվող այն մտայնությունը, թե ձեր ձայնից ոչինչ կախված չէ: Արդարության հաստատումը կախված է մեր հավաքական կամքից, «Ես»-ից դեպի «Մենք»-ը գնալու վճռականությունից»,- ասված է ուղերձ-դիմումում: Մտավորականները հորդորում են հետեւել քարոզարշավին, համադրել իրենց պահանջները առաջարկողի բարոյական կերպարին` ինքնուրույն որոշումկայացնելու համար:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում նկատեց, որ նախաձեռնությունը ծնվել է այն գիտակցությունից, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք: «Որպեսզի մեր երկիրը դառնա մեր ցանկացածը, դրա համար մեր ժողովուրդը պիտի իր ճակատագրին տեր կանգնի»,- ասաց նա:

Բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը նշեց, որ լրագրողների կողմից բարձրաձայնվող հարցը` ինչու հիմա, կարող էր հնչել նաեւ տասը տարի առաջ:

Մտավորականները գտնում են, որ թեեւ պայքարի իրենց միջոցը ստեղծագործելն է, սակայն երկրում կատարվողին անհաղորդ մնալ չի կարելի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում